Մատչելիության հղումներ

logo-print

ՔԿ-ն հայտնում է Նոր Արեշի սպանության բացահայտման մասին, կասկածյալը ձերբակալված է


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Պարզվել են Նոր Արեշում 56-ամյա Վաղարշակ Ասոյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննության են ենթարկվել հարակից տարածքների տեսախցիկների ձայնագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ հանցագործություն կատարող անձը դեպքի վայրից փախուստի է դիմել սպիտակ «Նիսան Ալտիմա» մակնիշի 89 NL 888 հերթական համարանիշի ավտոմեքենայով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այն շահագործվում է Երևան քաղաքի բնակիչ Գագիկ Ղանդիլյանի կողմից», - փոխանցում է Քննչական կոմիտեն՝ շարունակելով․ - «Երեկ ժամը 18.05-ին «Բավրա» սահմանային անցակետից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Ղանդիլյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Աշոցքի բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է: Կասկածյալը հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք և հայտնել հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգի և «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի գտնվելու վայրը»:

Ըստ հաղորդագրության, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ՝ կասկածյալի մատնանշած վայրում հայտնաբերվել է «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենան, իսկ սրահում՝ «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, և 20 փամփուշտ: Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք՝ Վաղարշակ Ասոյանը սպանվել է երեկ. առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Բժշկական կենտրոնում Ասոյանի դիակի զննությամբ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է 7 հրազենային վնասվածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG