Մատչելիության հղումներ

Շիրակցի խոպանչիները երազում են՝ «գնանք պրծնենք»


Քարաբերդցի Էդվարդ Մարգարյանը չգիտի ինչպես պահի 4 երեխաներին: Նրան օրերս են հետ դարձրել Լարսի անցակետից, ասել են՝ մուտքն արգելված է: Դիմում է գրել, որ վերանայեն արգելանքը, քանի որ ունեցած տուգանքը վճարել է: Ու հիմա ամենաքիչը 2.5 ամիս պատասխանի է սպասելու:

«Էս նեղ պայմաններում․․․ ո՛չ աշխատանք կա․․․ գոնե Ռուսաստան էինք գնում, մի քանի մանեթ գոյություն պաշտպանում», - ասում է նա:

Մեկուկես տարի սպասելուց հետո ազատանցի Գրիգորն այսօր իմացավ, որ արգելանքը վերացված է:

«Այնտեղ հնարավորություն կա: Այստեղ մնալու ցանկություն չունեմ», - ասում է նա:

Շիրակի մարզի հազարավոր խոպանչիների առաջ արդեն երկրորդ տարին է, ինչ Ռուսաստանի դռները փակ են: Չնայած դրան՝ Շիրակի մարզը արտագաղթի ցուցանիշով շարունակում է մնալ առաջիններից մեկը Հայաստանում:

Մինչ օրս արգելանք ունեցող խոպանչիներից շատերը գալիս են մարզպետարան, դիմում գրում, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը վերանայի ու թույլատրի իրենց մուտքը: Առայսօր շուրջ 2 հազար դիմում է ուղարկվել ՌԴ միգրացիոն ծառայություն միայն Շիրակի մարզից:

«Եթե այս վերջին դրական պատասխաններն էլ գումարենք նախորդ ունեցած մեր այդ 170-ին՝ մոտ 600 դրական դիմում կա», - ասում է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Գրիգորյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե դիմումատուներից քանիսի՞ առաջ է կանաչ լույս վառվել Ռուսաստան մուտքի համար:

Ռուսաստանի պետական վերաբնակեցման «Հայրենակիցներ» ծրագրի մասին Գրիգորը տեղյակ չէր: Իսկ քարաբերդցի Էդվարդը լսել էր ծրագրի մասին, ասաց, թե կդիմի ու ընտանիքով կտեղափոխվի Ռուսաստան:

«Երևի դիմենք՝ գնանք պրծնենք: Էլի այնտեղ աշխատանք գտնենք՝ կապրենք», - ասում է նա:

Ի դեպ, «Հայրենակիցներ» ծրագրի մասին․ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության Հայաստանի ներկայացուցչության կայքում կարդում ենք, որ 2015 թվականի համար փաստաթղթերի ընդունումը ավարտված է: Սա դեռ ապրիլ ամսին է հայտարարվել: Արդյոք դիմումատունե՞րն են շատ, որ ծրագիրը արդեն ավարտվել է՝ այս հարցի պատասխանը պաշտոնապես չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG