Մատչելիության հղումներ

Ալեքսիս Ցիպրաս․ Խիզախ ընտրություն էր


Հունաստան - Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռուստաուղերձով դիմում է ժողովրդին, 5-ը հուլիսի, 2015 թ․
Հունաստան - Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռուստաուղերձով դիմում է ժողովրդին, 5-ը հուլիսի, 2015 թ․

Ֆինանսական անդունդում գտնվող Հունաստանը «ոչ» ասաց պարտատերերին:

Երկիրն այլևս չէր կարողանում սպասարկել միջազգային ֆինանսական կառույցներից վերցրած ավելի քան երեք հարյուր միլիարդ եվրոյի պարտքը:

Հույների մեծամասնությունը երեկ կայացած հանրաքվեուն դեմ քվեարկեցին միջազգային վարկատուների պահանջներին՝ «ոչ» ասելով եվրոյի գոտու երկրների, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպայի կենտրոնական բանկի առաջարկած բարեփոխումներին, որոնք երկրի ծախսերի զգալի կրճատում էին նախատեսում:

Հունաստանի կառավարությունը հաղթանակ է համարում ժողովրդի ընտրությունը: Հանրաքվեի արդյունքները կառավարության ղեկավար Ալեքսիս Ցիպրասի հաղթանակը համարող վերլուծաբանները միաժամանակ ընդգծում են, որ դրա համար հույները կարող են «շատ թանկ» վճարել, երբ երկիրն է՛լ ավելի ընկղմվի ճգնաժամի մեջ:

«Ոչ» քվեարկելու իր կոչին անսալու համար շնորհակալություն հայտնելով հաղթանակը տոնող մարդկանց՝ Ցիպրասը ասաց․ - «Խիզախ ընտրություն էր»:

Հունաստանի եվրոպացի գործընկերները մտահոգված և հիասթափված են, սակայն միակարծիք են երկրի հետ բանակցությունները շարունակելու հարցում:

«Մենք այժմ կսպասենք Հունաստանի իշխանությունների նախաձեռնություններին: Եվրախումբը հուլիսի 7-ին կքննարկի իրավիճակը», - ասել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը՝ ընդգծելով, թե հանրաքվեի արդյունքը «ցավալի է երկրի ապագայի համար»:

Եվրոպացի առաջնորդները, մինչդեռ, հայտարարում են, թե հարգում են հույն ժողովրդի ընտրությունը: «Ոչ»-ի կողմնակիցները հաղթել են, և մենք պիտի հարգենք հույն ժողովրդի ձայնը», - հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Նա, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարում էր, որ եթե հանրաքվեի ժամանակ հույները որոշեն հրաժարվել միջազգային վարկատուների առաջարկած նախագծից, Աթենքը ստիպված կլինի ներմուծել նոր արժույթ:

Տնտեսական վերլուծաբանները, ի դեպ, չեն բացառում ավելի քան 2600 տարվա պատմություն ունեցող դրախմի վերադարձը, որը 2002 թվականին փոխարինվեց եվրոյով:

Հունաստանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար այսօր երեկոյան Փարիզում կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Արդեն հարց է հնչում՝ արդյոք կներվե՞ն Հունաստանի պարտքերը․ Գերմանիայի ֆինանսների նախարարության տվյալներով, Եվրախումբն ու ԱՄՀ-ն բացառում են դա: Ավելին, եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ հանրաքվեի արդյունքը մի քայլ հեռացրել է Եվրոպային Աթենքի խնդիրների լուծումից:

Արդեն այսօրվանից, ըստ եվրոպացի փորձագետների, Ցիպրասը պետք է բացատրի հույներին, թե ինչպես են նրանք ստանալու իրենց թոշակները, աշխատավարձերն ու բանկային ավանդները, երբ տնտեսությունը շնչահեղձ է լինում, իսկ բանկերը՝ սնանկանում:

Ալեքսիս Ցիպրասը պնդում էր, թե պարտատերերը չեն կարողանա անտեսել ժողովրդի կարծիքը: Եվրոպական մամուլը այսօր հիշեցնում է Հունաստանի կառավարության ղեկավարին, որ հույները եվրոպական ազգերից ընդամենը մեկն են և եթե կարող են որոշել սեփական ճակատագիրը, ապա իրավունք չունեն հրամայել և պարգադրել այլ երկրներին և կառավարություններին:

«Ի վերջո, հնարավոր չէ ստիպել եվրոպական երկրներին անընդհատ նոր միլիարդավոր վարկեր տալ», - գրում է եվրոպական մամուլը:

Եվրոպացի գործընկերի հետ Հունաստանի առաջիկա բանակցություններում, այդուհանդերձ, կարող է առաջընթաց արձանագրվել: Հրաժարական է տվել Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:

«Հանրաքվեի արդյունքի հրապարակումից քիչ անց ինձ հայտնի դարձավ, որ Եվրախմբի մասնակիցները և մյուս գործընկերները կարծում են, թե բանակցություններին իմ բացակայությունը կօգնի համաձայնության հասնել: Այդ պատճառով ես հեռանում եմ Ֆինանսների նախարարությունից», - իր կայքում գրել է Վարուֆակիսը՝ ընդգծելով․ - «Հպարտությամբ կտանեմ պարտապանների ատելությունը»:

Եվրախորհրդարանի նախագահը ողջունել է այս պաշտոնանկությունը: «Վարուֆակիսի հրաժարականը դյուրացնում է Աթենքի հետ երկխոսությունը», - ասել է Մարտին Շուլցը՝ հավելելով, որ Հունաստանը պետք է այնպիսի առաջարկություններ ներկայացնի, որոնք համոզիչ կլինեն բանակցությունների համար․ - «Բարդ բանակցություններ են լինելու, բայց ես կողմ եմ դրանք սկսելուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG