Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն․ Հունիսի 23-ին Ոստիկանությունը գործել է «ոչ իրավաչափ»


Օմբուդսմեն․ Հունիսի 23-ին Ոստիկանությանը գործել է «ոչ իրավաչափ»
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները ընդհանուր առմամբ «ոչ իրավաչափ» էին, և ոստիկանները խախտել էին օրենքը:

Այսօր հրապարակված «Օմբուդսմենի վերջնական գնահատականը հունիսի 23-ին Ոստիկանության գործողությունների վերաբերյալ» վերնագրված զեկույցում դրական գնահատելով հավաքի մյուս օրերին Ոստիկանության «հանդուրժողական գործելաոճը, օրինապահությունը»՝ Կարեն Անդրեասյանը չորս կետով ներկայացրել է Ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները:

«Քաղաքացիական հագուստով մի շարք ոստիկաններ օրենքի խախտմամբ մասնակցել են հունիսի 23-ի գործողություններին, ոչ իրավաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, խախտել Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները», - նշել է օմբուդսմենը:

Հիշեցնելով, որ «Ոստիկանության մասին» օրենքը պարտավորեցնում է Ոստիկանության ծառայողներին հասարակական կարգը պահպանելիս համազգեստ կրել՝ Անդրեասյանը նշում է, որ բազմաթիվ ոստիկաններ ոչ միայն համազգեստով չէին, այլև ցուցարարներին բերման ենթարկելիս նրանց նկատմամբ կիրառել են բռնություն, որը «որևէ կերպ պայմանավորված չի եղել կոնկրետ իրավիճակում ցուցարարների ագրեսիվ վարքագծով»:

«Ոստիկանության ծառայողները խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ուժ գործադրել լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանց, վնասել նրանց տեխնիկական միջոցները», - հայտարարել է Կարեն Անդրեասյանը:

Նրա գնահատմամբ՝ Բաղրամյան պողոտայում, իսկ այնուհետև Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին «հատուկ միջոցի` ջրնետի և ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրելը պայմանավորված չի եղել բացարձակ անհրաժեշտությամբ»:

«Երևանի Ոստիկանության առանձին բարձրաստիճան սպաներ որոշ դեպքերում անտեսել են Ոստիկանության գործունեության ապաքաղաքականացվածության պահանջը», - շարունակում է Կարեն Անդրեասյանը: - «Մասնավորապես, բարձրաստիճան սպան ցուցարարներին հորդորել է ընդունել իշխանությունների առաջարկը, վերանայել հավաքի մարտավարությունը․․․ հավաքի առանձին մասնակիցներ պիտակավորվել են որպես սադրիչներ (առանց իրավական հիմքերի): ​Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ բոլոր գործողությունների կապակցությամբ ակնկալում ենք ինչպես Ոստիկանության, այնպես էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության մանրամասն քննությունն ու համարժեք գնահատականը»:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր իրավապաշտպան Արթուր Սաքունցը հունիսի 23-ին իրավապահների գործողությունները բնութագրելով որպես հանցագործություն՝ հատուկ ընդգծեց, որ ապօրինի գործողությունների կատարելու հրամանները տալիս էին բարձրաստիճան ոստիկանները՝ Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գլխավորությամբ․ - «1in.am-ի օպերատորի նկատմամբ բռնության հրահանգը տալիս է Ներքին զորքերի հրամանատարը: Լյովա Երանոսյանը ուղղակի հրահանգ է տալիս ջարդել, ապօրինի գործողություն կատարել: Թեհմինե Ենոքյանի նկատմամբ անպարկեշտ արտահայտություններ կատարող ոստիկանը նույնպես հայտնի է»:

Անդրադառնալով լրագրողների նկատմամբ բռնություններին, ոստիկանների կողմից նրանց տեսաձայնագրող սարքերի ոչնչացմանը՝ Սաքունցն ասաց․ - «Ոչ միայն տեղի է ունեցել զուտ մասնագիտական գործունեության խոչընդոտում, այլև լրագրողի պրոդուկտները ոչնչացրել են, այսինքն՝ իրենց կողմից հանցագործության հետքերն են ոչնչացվել»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, այն, որ հունիսի 23-ին ոստիկանները զանգվածաբար են խոչընդոտել լրագրողների աշխատանքը, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ այդ ամենը նախապես ծրագրված է եղել իրավապահների կողմից․ - «Պետք է տարանջատել երկու քրեական գործ: Մի գործ՝ լրագրողների մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելը: Եվ մի այլ գործ պետք է դիտարկվի, թե ինչքանով էին օրինաչափ Ոստիկանության գործողությունները»:

Բաղդասարյանը կոչ արեց այդ օրը տուժած բոլոր լրագրողներին համախմբվել և միասնաբար տեր կանգնել իրենց իրավունքներին:

Հատուկ քննչական ծառայությունն անցած ուրբաթ է քրեական գործ հարուցել հունիսի 23-ին տեղի ունեցածի կապակցությամբ: Այսօր Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ծառայողական քննությունը շարունակվում է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG