Մատչելիության հղումներ

Փաստաբանը վերաքննիչ ատյանում վիճարկում է Բուդաղյանին կալանավորելու որոշումը


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով երեկ ուշ երեկոյան կալանավորված Արա Բուդաղյանի պաշտպանն այսօր բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ Բուդաղյանին ներկայացված մեղադրանքն անհիմն է, և «ապօրինի» որակեց իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ազգային անվտանգության ծառայությունը, հիշեցնենք, երեկ մեղադրանք առաջադրեց Արա Բուդաղյանին՝ մեղսագրելով նրան շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի դրդելը։

«Բերված են 70 թերթ փաստաթղթեր, որոնցից ոչ մեկը իրա վերաբերյալ չի․․․ Կենտրոնի դատարանում երբ քննվում է ԱԱԾ-ի միջնորդություն, այդտեղ դատավոր բառը հազիվ թե կիրառելի է: Միշտ այն տպավորությունն է, որ մենք ոչ թե դատարանի հետ գործ ունենք, այլ Ազգային անվտանգության ծառայության նույնիսկ վարչության հետ չէ, այլ բաժիններից մեկի հետ։ Ոչ թե դատարանի»:

Արա Բուդաղյանը շարունակում է պնդել, որ որևէ առնչություն չունի այս գործի հետ։ Փաստաբան Հայկ Ալումյանին վրդովեցրել է դատարանի անկողմնակալ վերաբերմունքը․ դատավոր Գագիկ Պողոսյանը, ըստ Ալումյանի, արդարադատություն իրականացնելու փոխարեն պարզապես հաստատեց ԱԱԾ-ի քննիչի բերած փաստարկները:

Մինչդեռ փաստաբանի փոխանցմամբ, գործի մեջ որևէ տող չկա, թե ինչպես է Արա Բուդաղյանն այս գործով անցնող մյուս երեք անձանց դրդել զինված հարձակում իրականացնել մարզպետի ավտոմեքենայի վրա:

Ալումյանը անհիմն է համարում նաև մարզպետի դեմ մահափորձի գործը ԱԱԾ-ի վարույթ փոխանցելու՝ Գլխավոր դատախազի ցուցումը: Փաստաբանը պնդում է, որ որևէ պատճառաբանություն չի բերվել:

Այսօր տարածած հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնում է, որ Արա Բուդաղյանից բացի կալանավորվել են գործով անցնող ևս երեք անձ: Նրանցից երկուսը՝ կապանցի Գարեն Աթաջանյանը և գորիսեցի Վիտալի Մինասյանը մեղադրվում են մահափորձին օժանդակելու և ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ: Իսկ կապանցի Հենրիկ Ավագյանը մեղադրվում է մահափորձը կատարելու մեջ:

ԱԱԾ-ն նաև փոխանցում է, որ ըստ ստացված փորձագիտական եզրակացության, դեպքի վայրում հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են այն զենքից, որը հայտնաբերվել էր Հենրիկ Ավագյանի բնակարանին կից շինությունում:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ՝ Արա Բուդաղյանի կալանավորումը քաղաքական որոշման արդյունք է, նրան կալանավորել են նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումքով։

Թե՛ Ալումյանը, թե՛ Ալեքսանյանը համոզված են, որ իշխանություններն «ընկել են Բուդաղյանների ընտանիքի հետևից»՝ փորձելով լռեցնել բոլոր նրանց, ովքեր չեն հանդուրժում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի ապօրինությունները:

«Տղային սպանեցին, գնդակահարեցին, մյուսին վիրավորում հրազենային հասցրեցին, հիմա երրորդին կալանավորում են․․․ Սա մի խայտառակություն է: Եվ ես գիտե՞ք ինչ տպավորություն ունեմ․ Գորիսը, ամբողջ Գորիսի բնակչությունը՝ մի կողմ, Լիսկան՝ մի կողմ: Հանուն Լիսկայի ևս մեկ անգան ստորացնել ամբողջ Գորիսի բնակչությանը: Եվ ո՞ւմ է պետք Լիսկան, բացի Սերժ Սարգսյանից», - հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը:

Նա զուգահեռներ անցկացրեց մարզպետի դեմ մահափորձի ու նրա որդու մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի միջև: Չնայած տուժողները շարունակում են պնդել, որ հենց մարզպետի որդին է կազմակերպել ու ծեծի ենթարկել Զաքարյան եղբայրներին, իրավապահները չեն շտապում մեղադրանք առաջադրել նրան․ - «Եթե Լիսկայի որդին հանցագործություններ կատարելով ազատության մեջ է, ես կարծում եմ, որ քաղաքական վերնախավը մտածում է, որ ինչքան Լիսկայի մասին խոսեք, այնքան վատ է լինելու»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG