Մատչելիության հղումներ

logo-print

Բերման ենթարկված ակտիվիստներն ազատ արձակվեցին


Նրանցից միայն իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցվեց ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Ոստիկանություն տարվելուց մոտ երկու ժամ անց բոլոր 46 ակտիվիստներն ազատ արձակվեցին Կենտրոնի և Արաբկիրի ոստիկանության բաժանմունքներից։ Նրանցից միայն ակտիվիստ, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցվեց, պաշտոնական ձևակերպմամբ, ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Պողոտան բացելիս Ոստիկանության պաշտոնյաները հավաստիացրել էին, թե որևէ ակտիվիստի նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվի։ Մասնավորապես լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության»-ն ասել էր. - «Որևէ մեկի նկատմամբ չի կազմվի վարչական արձանագրություն։ Դուք ինքներդ այստեղ էիք, տեսաք, որ մեր քաղաքացիները, նաև մեր հավաքի մասնակիցների մեծամասնությունը ըմբռնումով մոտեցավ, և ոստիկանությունը ընդամենը երթևեկությունը վերականգնելուն ուղղված գործողություններ իրականացրեց»։

Ավելի ուշ Ահարոնյանն «Ազատության»-ն ասաց, թե խոսքը վերաբերել է միայն պողոտայի երթևեկությունը վերականգնելու ժամանակ Ոստիկանություն տարված ակտիվիստներին։ Նրա խոսքով, Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, քանի որ նա իրենց պահանջներին չի ենթարկվել ավելի ուշ, երբ երթևեկությունն արդեն վերականգնված էր։

«Նա շարունակել է ակցիան Բաղրամյան պողոտայում և չի ենթարկվել մեր պահանջներին», - ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը։

Իսկ ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն իր դեմ հարուցված արդեն 9-րդ վարչական վարույթը համարում է ոստիկանության կողմից հետապնդում՝ իր քաղաքացիական ակտիվության համար։

«Բավականին լկտի, բռնի ձևով ինձ բերեցին ոստիկանության բաժին, այստեղ ձեռքերս էլ կապտացրել են՝ բերելուց, ընդ որում, այս ձեռքերիս կապտուկներն իրենք հրաժարվեցին արձանագրել, չնայած փաստաբանիս բազմաթիվ պահանջներին։ Դրանից հետո հայտարարեցին, որ իմ դեմ հարուցվում է վարչական վարույթ։ Ես հրաժարվեցի որևէ ցուցմունք տալ, որովհետև գտնում եմ, որ ինձ ապօրինի են բերման ենթարկել», - ասաց Կիվիրյանը։

17-ամյա Կամո Հակոբյանը, որպես անչափահաս, Կենտրոնի ոստիկանություն բերվելուց անմիջապես հետո ազատ արձակվեց։ «Նստած էի, թևերս ջարդելով, բռնին տարան։ Ասեցի՝ ես իմ կամքով գալիս եմ, չլսեցին», - պատմեց Հակոբյանը։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող անդամներից Վաղինակ Շուշանյանը, ով ևս Կենտրոնի ոստիկանություն էր բերվել, ասաց, որ ինչպես իր, այնպես էլ մյուս ակտիվիստների նկատմամբ որևէ քննչական գործողություն չեն իրականացրել։

«Վարչական անգամ չգրեցին այս անգամ, ծիծաղելի էր։ Իրանք էլ հասկանում էին, որ պետք չէ ոչ մի բան գրել», - ասաց Շուշանյանը՝ ընդգծելով, որ ակտիվիստներից մի քանիսի նկատմամբ ոստիկանություն տանելու ճանապարհին բռնություն է կիրառվել, ինչի մասին ինքը տեղեկացրել է փոխոստիկանապետին։

«Մեքենայի մեջ, ինձ չէ, բայց ընկերներիս հարվածել են։ Ես դա ասել եմ հենց Հունան Պողոսյանին ու անուններով ասել եմ՝ ովքեր են հարվածել ու ում են հարվածել», - պատմեց Շուշանյանը։

Ոստիկանության կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաև ակտիվիստ Նարեկ Այվազյանը։ Նա պնդեց՝ ոստիկանական մեքենայում բռունցքներով հարվածներ է ստացել գլխին ու կրծքավանդակին։ «Բերման ենթարկելիս, երբ որ ինձ ներս մտցրեցին ավտոմեքենա, հարվածել են», - ասաց Այվազյանը։

Մինչ ակտիվիստները ոստիկանական բաժանմունքներում էին, նրանց սպասող ընկերներն արդեն ծրագրում էին հետագա քայլերը. Վաղինակ Շուշանյանն ասաց, որ հունիսի 23-ին ոստիկանական ջրցաններին բախվելուց հետո, առողջական խնդիրներ ունի։ Մի քանի օրով հեռացել էր հարթակներից, սակայն, պնդեց՝ պատրաստ է շարունակելու պայքարը, մինչև որ իշխանությունները հաշվի նստեն իրենց պահանջների հետ։

«Վայրկյանների հարց է նորից Բաղրամյան պողոտան փակելը, ինչքան փորձեն իրենք էսպիսի գործողություններ իրականացնեն, այնքան իրենց վիճակն են բարդացնելու։ Արդյունքի հասնելու համար պետք է միշտ մինչև վերջ գնաս, իսկ մենք հայտարարել ենք, որ մինչև վերջ գնալու ենք, այնպես որ՝ սպասեք նորությունների», - ասաց Շուշանյանը։

XS
SM
MD
LG