Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը հունիսի 23-ին ոստիկանության գործողությունները գնահատել է ոչ իրավաչափ


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հունիսի 23-ին ոստիկանության գործողությունները գնահատել է ոչ իրավաչափ։

Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ օմբուդսմենը մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էր խնդրել Ոստիկանությունից:

«Վերլուծելով Ոստիկանությունից 2015 թվականի հուլիսի 3-ին ներկայացված պարզաբանումները, համադրելով դրանք հրապարակված տեսանյութերի և մեր կողմից արձանագրված փաստերի հետ, հունիսի 23-ի Ոստիկանության գործողությունները համարում ենք ընդհանուր առմամբ ոչ իրավաչափ», - ասված է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում։

Գրասենյակը ներկայացրել է արձանագրված խախտումներն` ըստ դրանց մտահոգիչ լինելու աստիճանի։ «Քաղաքացիական հագուստով մի շարք ոստիկաններ օրենքի խախտմամբ մասնակցել են հունիսի 23-ի գործողություններին, ոչ իրավաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, խախտել Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ոստիկանության ծառայողները խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ուժ գործադրել լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանց, վնասել նրանց տեխնիկական միջոցները։ Բաղրամյան պողոտայում իսկ այնուհետև` Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին հատուկ միջոցի`ջրանետի և ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրելը պայմանավորված չի եղել բացարձակ անհրաժեշտությամբ։ Երևանի Ոստիկանության առանձին բարձրաստիճան սպաներ որոշ դեպքերում անտեսել են Ոստիկանության գործունեության ապաքաղաքականացվածության և բացառապես օրենքով նախատեսված խնդիրների շրջանակներում գործելու պահանջը։ Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ բոլոր գործողությունների կապակցությամբ ակնկալում ենք ինչպես Ոստիկանության այնպես էլ Հատուկ քննչական ծառայության մանրամասն քննությունն ու համարժեք գնահատականը», - ասված է հայտարարությունում:

Օմբուդսմենը «դրական է գնահատել հավաքի մյուս օրերին Ոստիկանության հանդուրժողական գործելաոճը, օրինապահությունը, ցուցարարների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցների չկիրառումը և հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելուն ուղղված հետևողական ջանքերը»:

Մանրամասներն` ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG