Մատչելիության հղումներ

Ոստիկանները հեռացրեցին ցուցարարներին, Բաղրամյանում երթևեկությունը վերականգնվեց


Ոստիկանները հեռացնում են ցուցարարներին Բաղրամյան պողոտայից, Երևան, 6-ը հուլիսի, 2015թ․

Ոստիկանները հեռացնում են ցուցարարներին Բաղրամյան պողոտայից, Երևան, 6-ը հուլիսի, 2015թ․

Բախումներ չեղան, սակայն պողոտայի բանուկ մասը լքել հրաժարվողներին ոստիկանները ուժով հեռացրեցին:

Ոստիկաններն այսօր ուժ կիրառեցին և ցրեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների ակցիան Բաղրամյան պողոտայում:

Առավոտյան ոստիկանությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ «պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով»:

Կեսօրին ցուցարարներին մոտեցած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ցուցարարներին 30 րոպե ժամանակ է տրվում պողոտան բացելու համար։

«Հարգելի՛ քաղաքացիներ, քույրե՛ր, եղբայրնե՛ր, կոչ ենք անում՝ եկեք միասին վերականգնենք Բաղրամյան պողոտայի այն տեսքը, որը միշտ եղել է մաքուր, գեղեցիկ», - բարձրախոսով հորդորում էր Օսիպյանը:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժման համարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը խնդրեց մինչև երեկո ժամանակ տրամադրել։

«Եթե չեք սպասում՝ սա դիտվում է սադրանք, ու իշխանությունները ուղղակիորեն վախենում են երեկոյան մեր հանրահավաքից», - նշեց Սանասարյանը:

Հիշեցնենք՝ ցուցարարները մինչև այսօր ժամը 21:00-ը վերջնաժամկետ էին տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար, հակառակ դեպքում մտադիր էին սկսել «Մեկ քայլ առաջ» ակցիա՝ որպես բարիկադները ծառայող աղբամանները ամեն օր «մեկ քայլով» առաջ տանելով Բաղրամյան պողոտայում՝ Հայաստանի նախագահի նստավայրի ուղղությամբ:

Երևանի փոխոստիկանապետը հորդորեց պայմաններով չխոսել, ոստիկանները շարունակեցին իրենց գործողությունները:

Փոխոստիկանապետի վերջին նախազգուշացումից հետո՝ 12:30, կարմիրբերետավորները շղթա կազմեցին աղբամանների դիմաց, թույլ չտալով ակցիայի մասնակիցներին մոտենալ բարիկադներին։ Ոստիկաններին միացան Երևանի կենտրոնի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները և սկսեցին պողոտայից հեռացնել իրենց գույքը։

Մինչև ցույցը ցրելը Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ ցուցարարներին պարզապես հեռացնելու են փողոցի երթևեկելի հատվածից, և հորդորեց ակցիան շարունակել Ազատության հրապարակում, սակայն ցուցարարները հրաժարվեցին հեռանալ և նստեցին գետնին։ Բաղրամյան պողոտայում հայտնված տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ոստիկաններ գործի անցան։ Ի տարբերություն հունիսի 23-ի՝ ոստիկանությունն այս անգամ ցույցը ցրելու համար չօգտագործեց ջրցան մեքենան։

Ցուցարարների մի մասին բերման ենթարկելուց և պողոտան ամբողջովին բացելուց հետո ոստիկանները Բաղրամյան պողոտայի երկու մայթերին շղթա կազմեցին, պետավտոտեսուչները բացեցին ճանապարհը, երթևեկությունը վերսկսվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG