Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է իշխանություններին ցուցարարների տված վերջնաժամկետը


Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաների համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը զրուցում է «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ, Երևան, 6-ը հուլիսի, 2015թ․

Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաների համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը զրուցում է «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ, Երևան, 6-ը հուլիսի, 2015թ․

«Կանեն իրենց կողմից քայլեր՝ այնուհետև ոստիկանության կողմից կլինի համապատասխան քայլ», - ասում է Երևանի փոխոստիկանապետը:

Այսօր ժամը 21-ին լրանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը:

Շաբաթ երեկոյան նախաձեռնության անդամներից Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ իրենց պահանջների չկատարման դեպքում սկսելու են «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան՝ ամեն օր Բաղրամյան պողոտայում առաջ տանելով որպես բարիկադ ծառայող աղբամանները:

Արդեն երկու շաբաթ մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը փակ պահող ցուցարարները մինչ այս պահը իշխանությունների կողմից որևէ արձագանք չեն ստացել:

Ցուցարարների պահանջները երեքն են․ նրանք իշխանություններից պահանջում են, որպեսզի չեղարկվի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը 6․93 դրամով թանկացնելու որոշումը, վերանայվի հոսանքի գործող սակագինը՝ նվազեցման միտումով, և պատժվեն հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները:

Նախօրեին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց հարցին՝ արդյոք ոստիկանությունը կթույլատրի՞ ցուցարարներին բարիկադները տեղաշարժել ոստիկանական պատնեշի ուղղությամբ: Նա ասաց միայն, որ ոստիկանությունը կգործի օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

«Կանեն իրենց կողմից քայլեր՝ այնուհետև ոստիկանության կողմից կլինի համապատասխան քայլ», - ասաց Օսիպյանը՝ ցուցարարների կողմից վրանների տեղադրման հնարավորության վերաբերյալ հարցին էլ արձագանքելով․ - «Բացառվում է: Դե գիտեք ինչ, հարցը էստեղ վրանը չի, այնպես չի, որ ոստիկանությունը վրանը լսում է կամ տեսնում է, ինչ-որ․․․ Հարցը վրանը չէ, հարցը նա է, որ վրանը որոշակի տարածք է զբաղեցնում, իսկ տարածք զբաղեցնելու համար պետք է տեղական ինքնակառավարման մարմնից ունենալ համապատասխան թույլտվություն: Վրանի փոխարեն կարող է լինի տարբեր ինչ-որ բաներ՝ սեղան, աթոռ, սառնարան․․․»:

Երկուշաբթի առավոտյան ցուցարարների թիվը Բաղրամյան պողոտայում գերազանցում էր հարյուրը․ չնայած աշխատանքային օր է՝ նրանք չեն շտապում լքել պողոտան: Գիշերն անցել է խաղաղ:

Համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը կիրակի օրը կոչով դիմեց նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին՝ նրանց նույնպես այսօր երեկոյան հրավիրելով Բաղրամյան պողոտա, և նա «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակում պատասխանեց նաև Հրայր Թամրազյանի հարցերին:

«Սա խորհրդանշական է՝ «Մեկ քայլ առաջ»-ը, դա միայն չի նշանակում ֆիզիկական մեկ քայլ առաջը, մենք օր օրի մեր քայլերով՝ ոչ միայն բարիկադները առաջ բերելով, այլև մեր լուրջ քայլերով, մեր լուրջ մարտահրավերներով, իշխանություններին բերելու ենք դաշտ», - ասաց Սանասարյանը՝ շարունակելով․ - «Հիմա եթե մենք տեսնում ենք՝ նրանք էստեղ հետ են քաշվել, ոստիկանությանը հետ են քաշել և ցույց են տալիս, որ իրենց հեչ պետքը չենք, հա՞, իրենք հանգիստ, իրենց համար, գիտեն, որ էստեղ մարող շարժում է․․․ բայց երբեք չի կարելի հակառակորդին․․․»:

«Նորից կարող է հարձակում լինել․․․», - «Ազատության» այս դիտարկմանը Դավիթ Սանասարյանը արձագանքեց․ - «Իհարկե, եթե հասել ենք էստեղ, չենք վախենում: Իհարկե, կարծում ենք, որ էդքան խոհեմություն ունեն և նման բան չեն անի, առաջին անգամը դաս է իրենց»:

«Չե՞ք կարծում, որ ոստիկանության համար այս մարդկանց ցրելը պարզապես երևի մի հինգ րոպե պահանջվի, ի դեպ՝ առանց որևէ բռնությունների իրենք կարող են հանգիստ ցրել: Դուք որևէ բան ունե՞ք հակադրելու», - այս հարցին էլ համակարգող խմբի ներկայացուցիչը պատասխանեց․ - «Մենք պլաններ ունենք, էս պահին չենք ուզում ասենք, որ ոստիկանությունը․․․ ոչ թե գաղտնի է՝ ժողովրդի հետ միասին ենք անելու, բայց էս պահին չենք ուզում ասենք, քանի որ իրենք էլ իրենց պլանները մեզ չեն ասում»:

Դիտարկմանն էլ՝ «նրանք շատ լավ տեղյակ են ձեր բոլոր պլաններին», Սանասարյանը արձագանքեց․ - «Ես երեկ նշեցի, որ մենք ունենք մինչև պլան Է, իրենք տեղյակ են պլան Ա-ից ու Բ-ից, որի մասին մենք հայտարարել ենք: Ճիշտ է, մեր մեջ երևի մարդիկ էին ուղարկել, կամ ինչ-որ գաղտնալսումներ էին արել, բայց ես առաջարկում եմ պաշտոնապես պարոն Օսիպյանին՝ այսուհետ թող գա մեր քննարկումներին մասնակցի»:

XS
SM
MD
LG