Մատչելիության հղումներ

Արա Բուդաղյանը հերքում է իր առնչությունը Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձին


Սյունիքի մարզպետի մեքենան մահափորձից հետո, 21-ը մայիսի, 2015թ.
Սյունիքի մարզպետի մեքենան մահափորձից հետո, 21-ը մայիսի, 2015թ.

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով որպես կասկածյալ ձերբակալված Արա Բուդաղյանը այսօր հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ որևէ առնչություն չունի մահափորձի հետ և ոչ մեկին չի դրդել դրա իրագործմանը։

Ազգային անվտանգության ծառայությունը Բուդաղյանին ձերբակալել է երեկ, սակայն նրա փաստաբան Հայկ Ալումյանին միայն այսօր է հաջողվել հանդիպել իր պաշտպանյալին:

«Ինչ-որ մարդկանց իբր թե դրդել է այդ գործողություններին։ Բայց այդ փաստաթղթի մեջ ոչ երևում է՝ ո՞ւմ է դրդել այդ գործողություններին, ոչ երևում է՝ ի՞նչ կերպ է դրդել, ե՞րբ է դրդել, ինչի՞ համար է դրդել և այլն։ Լրիվ անորոշ կասկածանք է»,- ասաց Ալումյանը։

Արա Բուդաղյանը, ով մարզպետի դեմ մահափորձի գործով չորս ձերբակալվածներից մեկն է, 2013-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրն է։

Ալումյանը անհիմն է համարում իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը՝ հավելելով՝ քննիչը հրաժարվել է մանրամասն ներկայացնել, թե Բուդաղյանը կոնկրետ երբ և ինչպես է դրդել մահափորձ իրականացնել Սյունիքի մարզպետի դեմ: Փաստաբանը նաև դժգոհեց, որ երեկվանից չէր կարողանում հանդիպել պաշտպանյալին՝ քննիչը, անընդհատ խախտելով օրենքը, հետաձգում էր հանդիպումը։

Մայիսի 20-ին Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը։ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը օրեր առաջ «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, թե այդ գործով «լավ» եզրակացության են եկել։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի այս հայտարարությունից հետո ձերբակալվեց Արա Բուդաղյանն ու ևս երեք հոգի։ Հարցին, թե Արա Բուդաղյանը ճանաչո՞ւմ է մյուս ձերբակալվածներին, պաշտպանը պատասխանեց.- «Գորիսը փոքր քաղաք է, սա է իմ պատասխանը»։

Հայկ Ալումյանը հայտարարում է՝ Բուդաղյանների ընտանիքի նկատմամբ հետապնդում է իրականացվում։ Նա հիշեցնում է երկու տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը, երբ մարզպետի որդու ու թիկնապահի հետ բախումների հետևանքով սպանվեց Ավետիք Բուդաղյանը, մյուս եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, հայտնվեց ամբաստանյալի աթոռին այն դեպքում, երբ նրա ու նրա եղբոր ուղղությամբ կրակոցներ արձակած մարզպետի որդին ու թիկնապահը արդարացվեցին՝ ինքնապաշտպանության հիմնավորմամբ: Այժմ էլ ընկել են ընտանիքի մյուս որդու՝ Արա Բուդաղյանի հետևից, հավելում է պաշտպանը։

«Իհարկե, հետապնդվում է, դա ես կարող եմ ասել, մի հատ էլ տակը ստորագրել։ Նույն Արտակ Բուդաղյանին ինչո՞ւ են էսօր մեղավոր ճանաչել, զուտ որպեսզի մի դատավճիռ ունենան, որ տեսեք՝ Արտակ Բուդաղյանը կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ է տվել, որպեսզի արդարացնեն նրանց կրակոցները Ավետիք Բուդաղյանի վրա։ Էսօր Ավետիք Բուդաղյանին՝ մահացած մարդուն, քննիչի որոշմամբ մեղավոր են ճանաչել սպանության փորձի մեջ, որպեսզի արդարացնեն նրան սպանելը։ Հիմա էլ տեսնում են՝ մենք Արա Բուդաղյանի, Էմիլ Բուդաղյանի հետ միասին ինչ կոշտ պայքարի մեջ ենք մտել, կարիք է առաջացել այդ պայքարի ողնաշարը կոտրելու։ Չի ստացվելու»,- ասաց Ալումյանը։

Իրավապաշտպանները բազմիցս են հայտարարել, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում ամենաթողության ու վախի մթնոլորտ է ձևավորել ու պատժում է իրեն ընդդիմացողներին. վերջին դեպքը Զաքարյան եղբայրների հետ կատարվածն է, դրա մասնակիցը Բուդաղյանների գործով անցնող մարզպետի որդին է։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի բացառում, որ իշխանությունները սրանով փորձում են պատժել մարզպետի ընտանիքին ընդդիմացող Բուդաղյաններին։

«Շատ դժվար է, աներևակայելի դժվար է և գուցե անհնար Սուրիկ Խաչատրյանին զոհի կարգավիճակում ներկայացնելը, որովհետև մեր հասարակությունն է նրանց զոհը։ Եվ հասարակությանը հակառակում համոզել չեն կարողանա, ինչքան էլ որ փորձեն։ Բայց դա դեռ չի նշանակում, որ եթե իրոք եղել են կրակոցներ Սուրիկ Խաչատրյանին ուղղությամբ, այդ կրակոցները պետք է լռության մատնվեն կամ չպետք է քայլեր ձեռնարկվեն այս դեպքը բացահայտելու համար»,- ասաց իրավապաշտպանը։

XS
SM
MD
LG