Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժումը որոշել է «անցնել վճռական քայլերի»


Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյան

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժումը որոշում է կայացրել անցնել վճռական քայլերի։ Համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով, կոնկրետ մարտավարությունը կներկայացվի այսօր երեկոյան 21։00-ին։

«Հայտարարելու ենք շարժման համակարգող խմբի որոշումը, որը ներկայացնելու ենք ժողովրդին, և ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի։ Հիմա ավելի բան չեմ ասելու, բայց նշեմ, որ այսուհետ կարևոր փուլ ենք մտնելու»,- ասաց Սանասարյանը։

Վճռական քայլերը, ըստ համակարգող խմբի, լինելու են ժողովրդի համաձայնությամբ. փակագծերը չեն բացում, բայց վստահեցնում են՝ դրանք կրելու են խաղաղ բնույթ։

«Բռնության կոչեր չենք անելու, բայց ցույց ենք տալու մեր վճռականությունը»,- ասաց Սանասարյանը.- «Էստեղ որևէ քաղաքական ուժի կողմից ելույթներ չեն լինելու, ինչպես պահել ենք մինչև հիմա, էդպես էլ պահելու ենք մինչև վերջ»։

Սանասարյանի այս հայտարարությունից րոպեներ առաջ Ոստիկանության հանրային կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 12 օր Բաղրամյան պողոտան փակ պահող ցուցարարներին կոչ արեց չտրվել սադրանքներին՝ հայտարարելով, որ Ոստիկանությունը հստակ տեղեկություններ ունի՝ «որոշ մարդիկ փորձելու են լարել իրավիճակը»։

«Ովքեր իրենց համարում են կազմակերպիչներ, ուշ գիշերը որոշում են կայացրել, որ այսպես չի լինի, այսպես հետաքրքիր չէ, որոշում են կայացրել աղբամաններից բացի նաև վրաններ տեղադրել, սադրանքներ կազմակերպել ոստիկանների նկատմամբ, սրել իրավիճակը, փակել փողոցներ»,- ասաց Ահարոնյանը։

Ոստիկանությունն անուններ չի հրապարակում, խոստանում է ուժ կիրառել միայն եթե իրավիճակն անկառավարելի դառնա.- «Կան 4-5 հոգի, ովքեր որոշել են կազմակերպչի դեր ստանձնել, իրենք են մի քանի հոգով որոշում հետագա անելիքները, և համոզված եղեք, իրենց համար միևնույն է հավաքվածների կարծիքը։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի գնա ըստ իրենց նախանշած սցենարի։ Դա հստակ ստացված տեղեկատվություն է։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի ոստիկանություն-հավաքի մասնակից լարում լինի, սադրանքներ լինի»,- պնդեց Ահարոնյանը։

Ոստիկանությունն այսօր ևս ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ ակցիայի մասնակիցներին հորդորեց տարածքից հեռացնել աղբամանները, որոնք պատկանում են մասնավոր ընկերության, խոստանալով, որ բարիկադների փոխարեն կտեղադրվեն ոստիկանական ուղեփակոցներ։

Տևական բանակցություններից հետո Բաղրամյան պողոտայում շուրջօրյա նստացույցի մասնակիցները որոշեցին՝ աղբամանները կմնան նույն տեղում։

XS
SM
MD
LG