Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 3-ին հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը և գոհունակությամբ փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում և ունի զարգացման լայն հնարավորություններ: Նշելով, որ հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007 թվականին, Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակություն կունենան:

«ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- ասել է նա:

Ֆրանսիայի վարչապետը նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ դրանք դեռևս չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է.- «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում անուրանալի է Ֆրանսիայի ներդրումը: Մենք մեծապես գնահատում ենք ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ ֆրանսիական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը: Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ նույն օրը` ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված հիշատակի հանդիսավոր արարողությանը ներկա եք գտնվել և փայլուն ելույթ ունեցել»։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային հարցերի: Երկու երկրների վարչապետները կարևորել են հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Փարիզում Հայաստանի վարչապետին ընդունել է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը։ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG