Մատչելիության հղումներ

Ամերիկյան վերլուծաբան. #ElectricYerevan-ը չի կարելի ցրել ուժով


Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆրի Մանքոֆ

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆրի Մանքոֆ

#ElectricYerevan բողոքի մասնակիցների դեմ բռնության ցանկացած դրսևորում կարող է լարել իրավիճակը, համոզված են ամերիկյան վերլուծաբանները:

#ElectricYerevan բողոքը վկայում է, որ նախկին խորհրդային տարածքի մյուս երկրների համեմատ՝ Հայաստանում գոյություն ունի որոշակի բազմակարծություն, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասաց Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆրի Մանքոֆը:

Վերլուծաբանի խոսքով՝ եթե չլինի իրավիճակի ծայրաստիճան լարում, եթե էլեկտրականության գների վերաբերյալ նախագահ Սարգսյանի խոստումները իրականանան և ցուցարարների դեմ ճնշումներ չգործադրվեն, մի քանի շաբաթվա ընթացքում բողոքը կհանդարտվի։

«Եթե փորձ արվի կտրուկ լարել իրավիճակը, բողոքի մասնակիցների վրա ճնշման փորձ արվի, գործընթացի արմատականացում կարող է տեղի ունենալ. կավելանա փողոց դուրս եկող մարդկանց թիվը, և Հայաստանն իրական լայնածավալ քաղաքական ճգնաժամում կհայտնվի»,- ասում է վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ ցուցարարների խաղաղ գործելաոճը և իշխանությունների խելամիտ մոտեցումները ողջունել էր Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը: Նրա խոսքով, երկու կողմն էլ՝ թե՛ կառավարությունը և թե՛ ցուցարարները, խնդրի կարգավորմանը մոտենում են լուրջ և փորձում են սառը գլխով իրավիճակի լուծումներ գտնել։

«Ողջունելի է, որ բողոքները հիմնականում խաղաղ են ընթացել, և ապահովվել է քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը»,- ասել էր Բարսամյանը։

Ջեֆրի Մանքոֆը ավելացրեց, որ բողոքներում սոցիալական ցանցերի դերի ավելացումը կապված է առաջին հերթին նոր սերնդի ասպարեզ դուրս գալու հետ.- «Հայաստանում, ինչպես նաև շատ այլ տեղերում, սերունդ է գալիս, որն անհամեմատ ավելի լավ է իրեն զգում առցանց տարածքում, սոցիալական ցանցերում»:

Միևնույն ժամանակ, վերլուծաբանն ընդգծում է, որ սոցիալական ցանցերն ընդամենը որոշ սերնդի ներկայացուցիչների ինքնակազմակերպման միջոց են, մինչդեռ բողոքի բուն պատճառները կապված են թերի կառավարման և կոռուպցիայի հետ.- «Այդ պատճառները չեն վերացել, ու թեև գների բարձրացումն առաջ բերեց բողոքի կայծը, հրդեհի համար բավականաչափ վառելիք դեռևս մնում է»:

Այս պայմաններում, ընդգծում է վերլուծաբանը, իշխանություններին առավել կարևոր է դրսևորել նուրբ գործելաոճ և զերծ մնալ որևէ բռնության գործադրումից:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք «Ամերիկայի Ձայն»-ի էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG