Մատչելիության հղումներ

Վազաշեն - Պառավաքար շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է


Տավուշի մարզի Այգեհովիտ - Վազաշեն - Պառավաքար համայնքներն իրար կապող նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է։ Այն երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կրակոցների տակ ապրող մարդկանց համար անվտանգ երթևեկություն ապահովելու համար Կառավարությունը դեռևս 2014-ի փետրվարին էր որոշել Այգեհովիտ - Վազաշեն - Պառավաքար ճանապարհի վտանգավոր հատվածը շրջանցող նոր ճանապարհ կառուցել։ 3.2 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհի շինարարությունը, որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 875 միլիոն դրամ, բավականին ձգձգվեց։ Ճանապարհը պետք է դեռ անցած ամառ պատրաստ լիներ, սակայն վերջնաժամկետը մի քանի անգամ խախտվեց։

Տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ավազակոպճային հիմք, որի վրայից փռվել է ասֆալտբետոնե ծածկ: Կառուցված ճանապարհի համար կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի լիարժեք անվտանգությունը:

«Մասնավորապես, ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է անվտանգ երթևեկի համար պաշտպանիչ վահանի դեր կատարող պատ՝ 150մ երկարությամբ և 5.5մ բարձրությամբ: Կառուցված 6 ոլորանները, որոնց լայնությունը 10-12մ է, հարմարավետ են դարձնում ճանապարհով մեծ բեռնատարների շարժը: Այլընտրանքային ճանապարհահատվածն ունի 3.2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն - Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կրճատում է մոտ երկու կիլոմետրով»,- ասված է հաղորդագրությունում։

Կառուցված ճանապարհի երաշխիքային ժամկետը երեք տարի է, որից հետո այն կհանձնվի պահպանության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG