Մատչելիության հղումներ

Ձախողված գործարարը ոչ թե հիվանդություններից, այլ հայրենի կառավարությունից է վախենում


Գավառ քաղաքի բնակիչ Ռուբիկ Շահբազյանը դեռ սրանից 10 տարի առաջ է լսել գործարարներին աջակցելու կառավարության ծրագրերի մասին, հավատացել խոստումներին ու Երևանի քաղաքապետարանից աճուրդով հող գնել՝ մայրաքաղաքում բիզնես սկսելու համար։ Շինարարություն անելու նախագծեր է կազմել, պատկան մարմինների հավանությունն ստացել, կնքված ու հաստատված փաստաթղթեր հավաքել։

Ասում է, որ այդ ամենի վրա մոտ 50 հազար դոլար է ծախսել, սակայն երբ եկել է հաստատված նախագծերի հիման վրա քաղաքապետարանից շինթույլտվություն ստանալու հերթը, բոլոր դռները նրա առաջ փակվել են։ Պարզվել է՝ Ավանի թաղապետարանն արդեն կանաչապատել ու բարելավման գոտի է համարել իր սեփական՝ 400 քառակուսի մետր հողակտորը։

«Թե ես ինչերի եմ գնացել, ինչ տանջանքներ եմ կերել, դիմել եմ նախագահներին, կամ Ազգային ժողովի պատգամավորներին... մի խոսքով՝ էնքան տանջեցին, մինչև սնանկացրին ինձ, ամբողջ գումարս դուրս տվեցի»,- պատմում է Շահբազյանը։

Դեռ խորհրդային տարիներից Գավառում որպես դզող-փչող հայտնի Ռուբիկը տարիների իր աշխատանքային փորձը պետք է ընտանեկան բիզնես դարձներ։ Ռուսաստան արտագաղթած հարազատներին խոստացել էր՝ բիզնեսը գործի գցելուց հետո նրանց էլ աշխատանք կտա, Հայաստան վերադառնալու հնարավորություն կունենան։ Սակայն հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու ծրագիրն իրականություն դարձնելու հույսեր այլևս չունի։

Բարձր տոկոսներով վարկեր է վերցրել բանկերից, պարտքեր կուտակել և չիրականացած բիզնեսի պատճառով անելանելի վիճակում հայտնվել։ Ցույց է տալիս խնամքով արված նախագծերը, որ այդպես էլ իրականություն չդարձան.- «Ամեն ինչը անցկացված, սարքված, ջրմուղ-կոյուղիով, բանով, երեք ֆազ հոսանքով՝ ամեն ինչը արված։ Էդ մարդիկ թե ինչ մտածեցին, թե ինչ էին ուզում, խի էին ուզում...»։

Հաստափոր թղթապանակի մեջ է պահում հողատարածքի սեփականության վկայականը։ Այն անգամ ժամանակին բանկում գրավ է դրել ու վարկ վերցրել։ Բայց քաղաքապետարանը Ավանի այդ հողակտորի նկատմամբ Շահբազյանի սեփականության իրավունքը վերականգնելու տարբերակ այլևս չի քննարկում։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ Շահբազյանն ինքն է հողն աճուրդով գնելուց հետո դիմել քաղաքապետարանին ու խնդրել փոխանակել այն։ «Քաղաքապետարանի առաջարկած տարածքներից Շահբազյանը հրաժարվել է»,- նշված է պատասխանի մեջ։

Քաղաքացին զարմանում է. ինչո՞ւ պետք է փոխանակեր հողատարածքը, եթե դրա վրա շինարարություն անելու համար մեծ ծախս է արել, նախագիծ ու պլաններ կազմել։ Պնդում է՝ քաղաքապետարանն է հողը փոխելու առաջարկ արել, առանց համարժեք տարբերակի։

«Ինձ տշում են գնդակի նման, որ դավադիտ անեն։ Տանում են չգիտես որ սարի գլուխ, եսիմ որտեղ, ասում են՝ էս հողն ա, մեր եղածը էդ ա։ Ես էլ ասում եմ՝ էդ հողը տալիս եք՝ ես ի՞նչ անեմ։ Ես մենակ դրա արժեքի տասնապատիկի չափով ծախսեր եմ արել, փողեր եմ ծախսել, նախագիծ եմ արել»։

Այս ընթացքում Գավառից եկած Շահբազյանին շինթույլտվություն չտալով՝ քաղաքապետարանը հասցրել է նրա հողակտորի հարևանությամբ կառուցված ապօրինի շինությունն օրինականացնել։ Քաղաքացին ասում է՝ խտրական վերաբերմունքն ակնհայտ է.- «Ասին՝ էդ էլ բարելավման գոտի ա, քեզ չենք թույլատրում շինարարություն անել»։

Իր սեփական տարածքում Ավանի թաղապետարանի տնկած ծառերն արդեն բարձրացել են, դրանց դիմաց սեփականատիրոջն արվող առաջարկները, սակայն, նույնն են մնացել։

«Ինձ ինչ են առաջարկում. ասում են՝ կա՛մ դիմի դատարան, կա՛մ գնա հող ճարի, քեզ տրամադրենք։ Էդ ի՞նչ կարգ ա, ո՞վ ա տեսել՝ քաղաքացուն ասեն՝ գնա քեզ համար հող ճարի»,- հարցնում է Շահբազյանը։

Գավառի 64-ամյա բնակիչն արդեն դզող-չփողի իր արհեստով զբաղվելու ժամանակ քիչ է ունենում։ Դրա փոխարեն շարունակում է պաշտոնյաների դռները ծեծել սեփականության իրավունքը վերականգնելու համար։ Տարիքն առել է, մի քանի հիվանդություն ունի, բայց դրանցից չի վախենում, այլ հայրենի իշխանությունից։

«Ես դեղերով ապրում եմ, բայց դեղերից չեմ վախենում, ես վախենում եմ մենակ մեր կառավարությունից, որ չի թողնում ես ապրեմ, ստեղծեմ, ապրեմ։ Էսօր ոչ մի բանով տեր չի կանգնում։ Ի՞նչ ա մտածում՝ ես չեմ հասկանում։ Մտածում են, որ իրանք անպարտելի են, կամ էս երկիրն իրենցն է, պապական, ինչ ուզեն՝ էն անեն»,- ասում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG