Ֆրանսիան մերժել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:
«Մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հաշվի առնելով իրավաբանական տեսանկյունները և Ասանժի նյութական իրավիճակը, Ֆրանսիան չի կարող բավարարել այդ խնդրանքը: Ասանժի իրավիճակը անհապաղ սպառնալիք չի ներկայացնում: Բացի այդ, նրա անունով տրվել է կալանքի եվրոպական օրդեր», - Le Figaro թերթի փոխանցմամբ՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում:
Ավելի վաղ Le Monde թերթը հրապարակել էր Ասանժի նամակը, որում նա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին խնդրում էր իրեն ապաստան տրամադրել:
«Միայն Ֆրանսիան ներկա պահին հնարավորություն ունի ինձ առաջարկելու անհրաժեշտ պաշտպանություն քաղաքական հետապնդումների դեմ, որոնց ենթարկվում եմ ես այժմ», - ֆրանսիական պետության ղեկավարին գրել էր WikiLeaks-ի հիմնադիրը:
44-ամյա ավստրալացին, հիշեցնենք, 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է պատսպարվում՝ խուսափելու համար Շվեդիային արտահանձնումից, որտեղ նրա նկատմամբ գործ է հարուցված սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Ինքը Ասանժը պնդում է, որ իրեն հետապնդում են իր հիմնադրած կայքի բացահայտումների համար: