Մատչելիության հղումներ

Հայրիկյանը սադրանք է որակում Բաղրամյանում տեղի ունեցած միջադեպը


Հայրիկյանը սադրանք է որակում Բաղրամյանում տեղի ունեցած միջադեպը
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Պարույր Հայրիկյանը սադրանք է որակում Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցած միջադեպը:

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդը «Ազատության» հետ զրույցում տարակուսած էր՝ օրեր շարունակ ազատ հռչակված հարթակը փաստորեն չի հանդուրժում այլակարծությունը։ Հիշեցնենք, երեկ ցուցարարները «Սադրի՛չ, հեռացի՛ր», «Եռագո՛ւյն» վանկարկումներով դիմավորեցին Բաղրամյան պողոտա Եվրամիության դրոշով այցելած Հայրիկյանին։

«Նրանք, ովքեր ծառայում են ռուսական իմպերիալիզմին, ռուսական հիվանդագին, ինքնասիրահարված պատկերացումներին, ուզեցին ցույց տալ, որ, «այո՛, մենք ձեր հավատարիմ ծառաներն ենք»։ Վաղը դու պիտի դառնաս ծնող և երեխայիդ պիտի պատմե՞ս, թե ինչպես էիր հայ կնոջ ձեռքից խլում դրոշը, ջարդում նաև եռագույնը, պատռում այն պաստառները, որոնք օրվա թեմայով էին։ Այսպիսի հանրային միջոցառման ընթացքում սահմանափակումների պարտադրումը ինձ համար՝ փորձառու մարդուս համար, ի սկզբանե վկայություն էր այն բանի, որ մաքուր չէ»,- ասաց նա։

Հայրիկյանը հիշեցնում է, որ վերջին տարիներին գրեթե միշտ ակցիաներին մասնակցում է եվրոպական դրոշներով՝ համարելով դա ոչ միայն Եվրամիության, այլև արժեհամակարգի խորհրդանիշ: Բաղրամյան պողոտայում էլ Հայրիկյանը համախոհների հետ մեկ անգամ արդեն եղել էր նույն դրոշներով։

«Մարդը իրավունք ունի ինքը որոշելու իր կենսապայմանները, այդ իմաստով իր բողոքը արտահայտել։ Իսկապես, մարդու իրավունքներին նվիրված միջոցառման ընթացքում մարդու իրավունքները խորհրդանշող դրոշով ներկայացնողները ենթարկվում են ճնշումների. դա իսկապես խայտառակություն էր»,- նշեց ԱԻՄ ղեկավարը։

Բաղրամյան պողոտայի ցույցերը համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն ասում է՝ ինքն էլ էր դեմ, որ հայկականից բացի այլ դրոշներ ծածանվեն ցույցի վայրում, բայց անընդունելի է որակում նաև բռնությունը։

«Դա կապ չունի շարժման հետ։ Այդ քաղաքացիները ռասիստական դրսևորում են ցուցաբերել։ Սա դեմ է ազատ քաղաքացու սկզբունքներին։ Ես դեմ եմ ցանկացած այլ երկրի դրոշը ներս բերելով սադրանքին, ոչ թե այդ երկրների դրոշներին։ Եթե խոսում ենք ազատության մասին, ամեն երկրի դրոշը կարելի է ծածանել ցանկացած տեղ, բայց եթե կա կոնսենսուս, ուրեմն դա պետք է չանել»,- ասաց նա։

Սանասարյանն էլ կասկածներ ունի՝ իրենց շարքերում կարող են սադրիչներ լինել.- «Ես ինքս այդ երիտասարդներին հարցրել եմ, թե ինչի՞ համար, իրենք չգիտեն, թե ինչ են արել, ուղղակի տեսել են քաշքշոց է, մասնակցել են։ Եվ նաև ինֆորմացիա ունենք, որ իշխանությունների կողմից էստեղ բերվել են երիտասարդներ, որոնք, նաև դուք նկատած կլինեք, պայքարի ինչ-որ նշույլ չեն ավելացնում այստեղ, բայց չգիտեմ ինչով են զբաղված»։

Երբ դեռ օրեր առաջ եվրոպական դրոշները հայտնվեցին Բաղրամյան պողոտայում, ռուսական լրատվամիջոցները շտապել էին այդ կադրերը ներկայացնել որպես ապացույց, թե Երևանում էլ Մայդան է։ Պարույր Հայրիկյանին սա չի մտահոգում։

«Ռուսական լրատվամիջոցները այսօր ամբողջ աշխարհին են թշնամի համարում։ Ռուսական լրատվամիջոցները համարում են, որ իրենց ներխուժումը Ուկրաինա առողջ երևույթ է, ռուսական քաղաքական գործիչների ելույթներն են մատուցվում, որ Տալլիննի, Ռիգայի, Վիլնյուսի վրա ռուսական դրոշ ծածանվի։ Սա նախնադարյան մտածելակերպի վերջին դրսևորումն է»,- ասաց նա։

ԱԻՄ առաջնորդն ասում է՝ երիտասարդները քաղաքական հարց են բարձրացրել, բայց վախենում են «քաղաքականություն» բառից, դրա համար էլ, ըստ Հայրիկյանի, շարժումը մարում է.- «Դուք ծառայում եք իշխանությանը՝ այն իշխանությանը, որի դեմ բողոքում եք, միաժամանակ սպասարկում եք նրան։ Ի վերջո, ցանկացած բռնակալի ցանկությունն է քաղաքականություն չտեսնել։ Ինչո՞ւ քաղաքականություն չտեսնել, որովհետև քաղաքականություն՝ նշանակում է պայքար որոշակի ծրագրերի իրականացման համար և որոշ դեպքերում պայքար իշխանությունը փոխելու ճանապարհով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG