Մատչելիության հղումներ

logo-print

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով


Երեք տարբեր հոդվածներով հարուցված քրեական գործով կուսումնասիրվեն ոչ միայն լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնության դեպքերը, այլև, ՀՔԾ-ի խոսնակի հավաստմամբ՝ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունները:

Հատուկ քննչական ծառայությունում այսօր հարուցվել է քրեական գործ պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով:

Լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերը 10 օր ուսումնասիրող ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց օրենքով նախատեսված ժամկետի վերջին օրը: Նախաքնննության ընթացքում կուսումնասիրվեն ոչ միայն լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնության, ինչպես նաև լրագրողների մասնագիտական տեխնիկան վնասելու դեպքերը, այլև, ՀՔԾ-ի խոսնակի հավաստմամբ՝ ցուցարարների նկատմամբ իրականացված անօրինական գործողությունները:

«Լավ է, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այն իր տրամաբանական ավարտին կհասնի», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ շարունակելով․ - «Քրեական գործը շատ հեշտ է կարճել, իրենք շատ հեշտ են դա անում: Համարում են, որ որևէ հանցակազմ չկա այն անձանց գործողությունների մեջ, որոնք որ խոչընդոտել են լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությունը: Այնպես որ միայն քրեական գործ հարուցելը դեռ ոչինչ չի նշանակում: Պետք է մենք սպասենք արդյունքներին»:

Հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում իրականացված ոստիկական գործողության ընթացքում մոտ մեկ տասնյակ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ էին հարձակման ենթարկվել: Մեծամասամբ քաղաքացիական հագուստով ոստիկանները և կարմիրբերետավորները կոտրել էին նրանց տեսախցիկները, լուսանկարչական սարքերը:

Նրանք պատմում էին, որ հիմնական թիրախը հիշողության քարտերն են եղել: «Ո՛չ թալանին» նախաձեռնության ցույցը ցրելուց հետո ոստիկանական տարբեր բաժիններ են տարվել 237 քաղաքացիներ ինչպես Բաղրամյան պողոտայից, այնպես էլ մերձակայքից: Որոշ ականատեսների խոսքով՝ տասնյակ ցուցարարներ հետապնդվել են մինչև Ազատության հրապարակ, Մաշտոցի պողոտա:

«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Մկրտիչ Կարապետյանը հունիսի 23-ի լուսադեմին բերման ենթարկված լրագրողների շարքում էր: Իրավապահները կոտրել էին նրա տեսախցիկը: «Ազատության» հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայություն չի գնացել, ամեն ինչ պատմել է հարցազրույցներում, ուստի «եթե բացահայտող լինեն, կբացահայտեն»․ - «Օրինակ, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, իմանալով, որ լրագրող ենք, շատ հանգիստ հետևում էր այդ ամեն ինչին: Լյովա Երանոսյանը, էլի քաջ իմանալով, որ լրագրող ենք, հետևում էր այդ ամեն ինչին: Ու այդ ամեն ինչը եղել է միտումնավոր՝ այդ ամբողջ պաշարը, որ նկարագրում էր այդ ծեծ ու ջարդը, վերացնելու համար»:

Հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում աշխատում էր նաև «Ազատության» 7 հոգանոց խումբը: Ինտերնետային կայքի խմբագիր Արթուր Պապյանը պատմում է՝ ոստիկանները տարբերություն չէին դնում լրագրողների և ակտիվիստների միջև: Նկարահանման պահին ջարդուփշուր է արվել նաև Արթուրի բջջայինը:

ՀՔԾ Արթուր Պապյանը իր վրա հարձակվողի լուսանկարով է գնացել․ - «Գնացել եմ Հատուկ քննչական, տրամադրել եմ նրանց տեսանյութ, որտեղ երևում է կոնկրետ այն մարդը, ով իմ ձեռքից վերցրել էր հեռախոսը: Նա ուներ ոստիկանական վահան և քաղաքացիական հագուստով էր: Ես այս ամբողջը նկարագրել եմ, ցույց եմ տվել նկար, որտեղ կա նրա դեմքը, և պատրաստ եմ գնալ դատարան և համապատասխան ցուցմունք տալ: Որովհետև սա անհանդուրժելի է»:

Լրագրողների նկատմամբ բռնությունների հրամանը, Աշոտ Մելիքյանի կարծիքով, ամենաբարձր ատյաններից է իջեցվել: Ուստի Մելիքյանը կարծում է, որ լրագրողական հանրությունը պետք է համախմբվի: Հակառակ դեպքում իրավապահները միջնադարյան մեթոդներով կշարունակեն ճնշել ցանկացած լրագրողական ակտիվություն:

«Այն լրագրողները, որոնք որ տուժել են և ուզում են դիմել իրավապահներին կամ դատական ատյաններ և այլն, և կարիք ունեն մեր օգնության, նրանք կստանան այդ օգնությունը», - հավաստիացրեց Մելիքյանը:

XS
SM
MD
LG