Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ լրագրողների դեմ հունիսի 23-ի բռնությունների փաստերով


Ոստիկանները ուժ են կիրառում ֆոտոլրագրողի նկատմամբ, 23-ը հունիսի, 2015թ․

Ոստիկանները ուժ են կիրառում ֆոտոլրագրողի նկատմամբ, 23-ը հունիսի, 2015թ․

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել հունիսի 23-ի վաղ առավոտվա իրադարձությունների ժամանակ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով:

«Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հաղորդումների, նյութերի և տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ո'չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով 2015 թվականի հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաև հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ցույցի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն, պատճառել մարմնական վնասվածքներ, վնասել կամ ոչնչացրել վերջիններիս տեսաձայնագրող սարքերը, որով խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը` անձանց, կազմակերպությունների իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն՝ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ լրագրողների դեմ բռնությունների վերաբերյալ նյութերը ՀՔԾ էր ուղարկել գլխավոր դատախազությունը, և ՀՔԾ-ն պետք է տասն օրվա ընթացքում որոշում կայացներ քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հարցով: Այսօր այդ ժամկետը լրանում է:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG