Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը Հայաստանի հետ բանակցում է «Իսկանդեր-Մ»-եր մատակարարելու շուրջ»


Ռուսաստան - «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը, մայիս, 2015թ․

Ռուսաստան - «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը, մայիս, 2015թ․

Ռուսաստանը Հայաստանի հետ բանակցություններ է վարում «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ, պայմանագիրը դեռ ստորագրված չէ: Այս մասին ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության բնագավառի աղբյուրը՝ նշելով, որ նման համաձայնագրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գաղտնիք է:

Ավելի վաղ «Իսկանդեր» հրթիռների արտադրության կոնստրուկտորական գրասենյակը հայտարարել էր, որ մինչև 2016 թվականը «Իսկանդեր» հրթիռային համակարգերը դրսում չեն վաճառվի: Բայց այդ համակարգերը ընդգրկված են այն սպառազինությունների ցանկում, որոնց վաճառքը արտասահմանում թույլատրվում է: Անցած տարի Ղազախստանն էր հետաքրքրություն ցուցաբերել, իսկ այս տարվա հունիսին Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը այցելել էր Մոսկվայի մարզում կազմակերպված ժամանակակից սպառազինությունների ֆորումին, որպեսզի բանակցություններ վարի «Իսկանդեր» հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:

Երեկ, հիշեցնենք, Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկ վերցնելու պայմանագիրը, որը նախատեսված է ռուսական արտադրության նորագույն սպառազինություններ գնելու համար:

Քննարկումների ընթացքում Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, որ այդ վարկից ոչ մի կոպեկ ուրիշ ծախսեր փակելու նպատակներով չի օգտագործվի: Նա նաև նշեց, որ Հայաստանի Զինված ուժերը նորագույն սպառազինություններ կունենան, ինչը էական նշանակություն կունենա տարածաշրջանի ռազմական հավասարակշռության համար:

Հիշեցնենք նաև, որ վերջին տարիներին բազմամիլիոնանոց դոլարների գործարքներով Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում մտահոգություն չէին հայտնում, բայց հետո սկսեցին դժգոհել:

XS
SM
MD
LG