Մատչելիության հղումներ

Հունաստանում կիրակի օրը հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը ուժի մեջ է


Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռուստաուղերձով է հանդես գալիս, Աթենք, 1-ը հուլիսի, 2015թ․

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռուստաուղերձով է հանդես գալիս, Աթենք, 1-ը հուլիսի, 2015թ․

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հետևում է Եվրոպայի վարկատուների պահանջների վերաբերյալ կիրակի օրը հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով ընդունել նախկինում մերժած պահանջները:

«Ես երբեք չէի մտածել, թե ժողովրդավարական Եվրոպան կարող է չհասկանալ, որ ժողովրդին իր ապագան որոշելու համար ժամանակ է անհրաժեշտ: Ծայրահեղ պահպանողականների գերակշռությունը հանգեցրել է երկրի բանկերի աշխատանքի ընդհատմանը», - ասել է Ցիպրասը:

Հունաստանը զրկվել է հետագա ֆինանսական օգնությունից՝ չկարողանալով մինչև վերջնաժամկետը՝ երեքշաբթի կեսգիշեր, Արժույթի միջազգային հիմնադրամին վճարել 1․8 միլիարդ դոլար:

Որոշ փորձագետների կարծիքով, հանրաքվե անցկացնելու գաղափարը պնդելու հետ մեկտեղ վճարումը իրականացնելու Ալեքսիս Ցիպրասի պատրաստակամությունը Եվրոպայի նոր ֆինանսավորման շրջանակում 32.4 միլիարդ դոլարի վերաբերյալ հետագա բանակցություններում լծակներ ձեռք բերելու մարտավարության մի մասն է:

Ի պատասխան, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ մինչև կիրակնօրյա հանրաքվեի արդյունքը պարզ չլինի, ոչ մի բանակցություն տեղի չի ունենա:

Վերջին հինգ տարիների ընթացքում Հունաստանը հսկայական պարտք է կուտակել: Վարկատուները ապագայում նոր վարկեր տրամադրելու համար պարտադրում են Հունաստանի կառավարությանը ավելի խիստ տնտեսական բարեփոխումներ անցկացնել:

Հունաստանի կառավարության համաձայն, երկրի քաղաքացիները ծախսերի կրճատումներից եւ հարկերի ավելացումներից քիչ չեն տուժել:

Այս շաբաթ փակվել են հունական բանկերը՝ ֆինանսական ճգնաժամը վերահսկելու նպատակով: Բանկոմատները շարունակում են գործել, սակայն թույլ են տալիս միայն խիստ սահմանափակ քանակով գումար հանել:

Աթենքում չորեքշաբթի օրը բաց է եղել մոտ 1000 բանկի մասնաճյուղ, որպեսզի բանկոմատներից օգտվելու հնարավորություն չունեցող թոշակառուները կանխիկ գումար կարողանան ստանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG