Մատչելիության հղումներ

Ավիաընկերությունները հեռանում են Հայաստանից. փորձագետները պնդում են՝ ոլորտը չի բարեփոխվել


«Լոթ», «Չեխական ավիաուղիներ», «Էթիհադ». սրանք այն խոշոր ավիաուղիներն են, որ վերջին ամիսներին հայտնել են դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին։

Լեհական «Լոթ»-ի հեռանալը ժամանակավոր է, շաբաթներ առաջ խորհրդարանում վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։ Չեխականի դեպքում բանակցային սեղանի մոտ նստեց անձամբ վարչապետը, հստակ արդյունքների մասին, սակայն, դեռ լուրեր չկան։

Հայկական շուկայում մեկ տարի գործելուց հետո արաբական «Էթիհադ»-ը հայտարարեց՝ հեռանում է, որովհետև «վերանայում են գործող չվացուցակները»։ Այլ մանրամասներ ընկերությունից մեր հարցումներին ի պատասխան չհաղորդեցին։ Ընկերության կայքից, սակայն, պարզ է դառնում՝ սեպտեմբերին Հայաստանից հեռացնող ընկերությունը նույն ամսից թռիչքներ է սկսում դեպի Թբիլիսի և Բաքու։

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն ասում է՝ Հայաստանը շատերին այլևս չի հետաքրքրում.- «Հայաստանը վասալային կարգավիճակում է, լիովին Ռուսաստանից կախված, դրա համար էլ ոչ մեկին հրապուրիչ չէ այստեղ թռնել։ Իրենք կնախընտրեն Թբիլիսի գնալ, Բաքվի մասին քիչ տեղեկություն ունեմ»։

Ոչ միայն ավիաընկերությունները, այլև հայաստանցիներից շատերն են նախընտրում Երևանի փոխարեն Թբիլիսիի օդանավակայանից արտերկիր մեկնել։ Տուրիստական գործակալություններից մեկի աշխատակիցն ասաց՝ ամառվա ամիսներին իրենց դիմող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը նախընտրում է մոտ 300 կմ անցնել՝ Թբիլիսի հասնելու և գումար խնայելու համար։

«Բավականին էժան են էնտեղ փաթեթները՝ 500-600 դոլար մինիմում»։

Թե քանիսն են նախընտրում Թբիլիսիից մեկնել, և արդյունքում որքան գումար է կորցնում Հայաստանը, հայտնի չէ։ Դեռ երկու շաբաթ առաջ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարը փաստեց՝ վիճակագրություն չունեն, հաշվարկներ չեն անում։

Միջազգային ուսումնասիրությունները փաստում են՝ «Զվարթնոց»-ում օդանավի կայանման սակագները ամենաբարձրն են տարածաշրջանում։ USAID-ի ուսումնասիրության համաձայն, ցերեկային ժամերին «Զվարթնոց»-ում Airbus A320 օդանավի կայանման համար ավիափոխադրող ընկերությունները ստիպված են վճարել երկու անգամ ավելի, քան Թբիլիսիում ու Ստամբուլում։ Այս ցուցանիշով, ի դեպ, «Զվարթնոց»-ը գերազանցում է նաև եվրոպական մի շարք քաղաքների, այդ թվում՝ Պրահայի, Վիեննայի, Մյունխենի օդանավակայաններին։

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը կարծում է՝ ցանկության դեպքում կառավարությունը կարող է իրավիճակը փոխել։

«Իսկապես քաղաքական կամք չեն դրսևորում, որ ոլորտը բարեփոխեն, նախ պետության միջամտությունը իջեցնեն ու նաև փորձեն էժանացնել։ Եթե նույնիսկ օդանավակայանը չի էժանացնում, պետությունը կարող է իր հարկերը իջեցնել։ Դա շատ լավ տարբերակ կլինի։ 10 հազար դրամանոց օդի հարկը կա՝ անիմաստ։ Եթե դա հանեն, առնվազն 20 դոլարով կիջնի գինը»,- ասաց Գրիգորյանը։

Կառավարության քայլերն այս ուղղությամբ առայժմ միայն բանակցություններն են։ Խորհրդարանում ընդդիմադիրների հարցերին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց՝ British Airways-ից մինչև Singapore Airlines, բոլորի հետ բանակցություններ ենք վարում։

«Թբիլիսիից թռչում են այսպես կոչված բյուջետային ընկերություններ, որոնք ամենաէժան տոմսերը և ամենացածրորակ ծառայություններն են մատուցում։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք արդեն երեք ընկերությունների հետ, մասնավորապես Գյումրիի ուղղությամբ»,- ասել էր նախարարը։

Այնինչ Թբիլիսիից թռչող տասնյակ ավիաընկերություններից միայն երեքն են բյուջետային, մյուսները այնպիսի ընկերություններ են, ինչպիսիք թռչում են նաև Հայաստան։

Իսկ փորձագետները պնդում են՝ Գյումրիից փոխադրումները ակտիվացնելու ուղղությամբ ևս էական քայլեր չեն արվում, ընդամենը հանվել է օդի հարկը։ Մինչդեռ հարևան Վրաստանում, օրինակ, Քութայիսիի օդանավակայանը լիարժեք գործում է, Վրաստանի էկոնոմիկայի նախարարն էլ վերջերս հայտարարել էր՝ բյուջետային ավիաընկերությունները Վրաստան թռչելու համար հերթ են կանգնել։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ասում է՝ քաղավիացիան Հայաստանի ամենաթույլ, բայց ամենամեծ պոտենցիալն ունեցող ոլորտն է։

«Հայաստանի ավիացիայի ոլորտը պետք է լինի հայկական տնտեսական բարեփոխումների մարգարիտը։ Առավել կարևոր է, որ «բաց երկնքի» քաղաքականությունը այս ոլորտում փորձաքար է՝ բարեփոխումներ հանձն առած Հայաստանի իշխանությունների համար»,- ասաց Կիրակոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG