Մատչելիության հղումներ

Հոսանքի թանկացումը փոխհատուցելու «աղբյուրները արդեն նշմարվում են». Վահրամ Բաղդասարյան


Հոսանքի թանկացումը փոխհատուցելու «աղբյուրները արդեն նշմարվում են». Վահրամ Բաղդասարյան
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչներից որևէ մեկն այսօր չբացահայտեց՝ կառավարությունն ինչ միջոցների հաշվին է իր վրա վերցնում էլեկտրաէներգիայի թանկացման բեռը։

Նախագահը հայտարարել էր, որ գումարները կգտնվեն «անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»: Վարչապետը պնդել էր, թե «սակագնի վրա ավելացվող 7 դրամը կփոխհատուցվի արտաբյուջետային միջոցների հաշվին»՝ կրկին չնշելով կոնկրետ աղբյուր:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց.- «Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասի ինչ միջոցներից։ Ես պարզապես տեղյակ եմ, որ վարչապետը հայտարարություն է արել, որ դա ուղղակի բյուջետային միջոցներից չեն ներգրավելու, և սա փաստ է։ Այլ բան չեմ կարող ասել»։

ԱԺ-ի տնտեսական հանձնաժողովը ղեկավարող Վարդան Այվազյանն էլ ասաց.- «Եկեք կոֆեի բաժակ նայողի տպավորություն չթողնեմ»։

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ դեռ քննարկում են՝ որտեղից գտնել միջոցներ։ Հավաստիացրեց՝ փոխհատուցվող գումարը բյուջեի հետ կապ չի կարող ունենալ, Ռուսաստանից տրամադրվող 200 միլիոն դոլարանոց վարկի հետ՝ նույնպես։

«Ազատության» դիտարկմանը՝ եթե այդ գումարները չկային, արդյոք դա չի նշանակում, որ նախագահի հայտարարությունը կատարվեց Բաղրամյանի նստացույցի ազդեցությամբ, Բաղդասարյանը պատասխանեց.- «Չեմ ասում, որ դա լրիվ բացառում եմ, որ չէր կարող իր նշանակությունը ունենալ, բայց ի՞նչ է նշանակում գումարները չկան... գումարները միշտ կան, կա վարկային տարբերակ, բայց մենք բարձր տոկոսներով վարկեր վերցնե՞նք, որ հետագայում նորից բեռ դառնա մեզ վրա։ Ծայրահեղ վիճակում կարելի է անել, բայց մեջ վիճակը այդքան ծայրահեղ չէ, և մենք կարող ենք այդ միջոցները հայթայթել ինչ-որ աղբյուրներից, իսկ այդ աղբյուրները արդեն նշմարվում են, կան, որի մասին լրացուցիչ բաց տեքստով կխոսենք և լրագրողների, և հանրության հետ»։

Թե որո՞նք կարող են լինել արտաբյուջետային միջոցները հարցին պատասխանելիս հանրապետականները ավելի պերճախոս էին։ Վարդան Այվազյանն ասաց՝ արտաբյուջետային միջոցները կարող են լինել շատ տարբեր՝ բյուջեով չնախատեսված եկամուտները, տույժ-տուգանքներից գոյացած գումարները, ընդհուպ նվիրատվությունները։

«Կարող է Կիրակոսյան Կիրակոսը նվիրատվություն կատարի, տանես, արտաբյուջեում նստցնես»,- ասաց նա։

Այվազյանը հավաստիացնում էր՝ բյուջեով նախատեսված ծրագրերը չեն տուժելու. - «Սոցիալական, պաշտպանական որևէ ծախս չի կրճատվում, ուսուցիչների աշխատավարձը, առողջապահությունը և այլն...»։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ կառավարությանն անհրաժեշտ է 23.4 միլիարդ դրամ. ՀԷՑ-ի կրած և սակագնով դեռևս չփոխհատուցված վնասը հենց այդքան է կազմում։ Երբ ասվում է՝ «սակագնի վրա ավելացվող 7 դրամը կփոխհատուցվի», Վարդան Այվազյանի խոսքով, հենց այդ 24 միլիարդն է նկատի առնվում.- «Դրանք ժամանակավորապես տրամադրվող գումարներ են, նախագահն ասում է՝ գնանք, անենք աուդիտ»։

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, չնայած հանրապետականների հավաստիացումներին, որ նման բան չի կարող լինել, ենթադրում է, որ ռուսական վարկից են գումարը վերցնելու։

«Եթե չգիտեն, թե աղբյուրը որն է և չիմանալով Սերժ Սարգսյանը հղում է կատարել այն հանգամանքին, որ անվտանգության հաշվին պետք է կատարվեն այդ ծախսերը, նշանակում է, որ ինքը ուղղակի դեմագոգիայով է զբաղվում կամ խաբում է հանրությանը։ Իսկ եթե գիտի՝ սա նշանակում է, որ այդ աղբյուրը չեն բացում։ Այդ դեպքում հասկանալի չէ՝ ինչ միջոցներ են։ Ենթադրում եմ, որ սա կապված է այս վարկի հետ, որովհետև վարկի մասին պայմանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ ուղիղ այն ժամանակ, երբ ցույցերը Հայաստանում հասել էին գագաթնակետին»,- ասաց Զուրաբյանը։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ լուծումները գտնված են, այլապես փոխհատուցման հայտարարություն չէր լինի։ Այնուհանդերձ, չի ընդունում իշխանությունների «մշուշոտ ակնարկները, որոնց տակ ինչ ասես կարելի է հասկանալ»։

«Տարատեսակ կարծիքներ են հնչում, ընդհուպ՝ խմբակցության ղեկավարը ասաց՝ իսկ ինչո՞ւ եք բացառում, որ կարող է լինել նաև նվիրատվություն։ Դե եթե այդպիսի շատ փայլուն տարբերակներ կային, ինչո՞ւ էիք թողնում հարցը հասներ բախումների և առճակատման»,- ասաց Զոհրաբյանը։

«Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո մարդիկ ինչո՞ւ չեն հեռանում Բաղրամյան պողոտայից» հարցին հանրապետական Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց՝ «կան բախտախնդիրներ, որոնք ուզում են պղտոր ջրում ձուկ բռնել և իրենց քաղաքական նպատակներն իրականացնել։ Դրա լուծումը կտրվի, ասաց նա.- «Եվ շատ արագ՝ օրենքի սահմաններում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG