Մատչելիության հղումներ

Լավրով. «Հայաստանյան բողոքը փորձում են քաղաքականացնել»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հայաստանյան դեպքերի պատճառը տնտեսական է, սակայն փորձ է արվում գործընթացը տեղափոխել քաղաքական դաշտ։

«Ազգային օրակարգի ձևավորման խնդրում, այդ թվում՝ օրըստօրե բնականոն վարվելակերպի վերաճող այսպես կոչված խաղաղ բողոքներում, շատ մեծ ուշադրություն է հատկացվում երիտասարդությանը։ Դուք գիտեք, թե ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայի մայդանը... Հայաստանի այս իրադարձություններում էլ կա այդ ամենը՝ հակակառավարական տրամադրությունները սրելու համար օգտագործելու գայթակղություն, չնայած արմատը զուտ տնտեսական է, բայց, հավանաբար, ոմանք օգտակար են համարում այդ ամենը զարգացնել քաղաքական ճանապարհով»,- ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ասել է Սերգեյ Լավրովը:

Այդ հայտարարությամբ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր հանդես է եկել BRICS-ի` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության երիտասարդական հավաքում։

Ավելի վաղ «Ինտեր ՌԱՕ»-ն ստեղծված իրավիճակի համար մեղադրել է հայկական կողմին, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիկտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլն ընդհանրապես չի քննարկել այդ հարցը, քանի որ այն Հայաստանի ներքին գործն է։

XS
SM
MD
LG