Մատչելիության հղումներ

logo-print

Ծնողները հակադարձում են Ոստիկանությանը՝ թող առաջին հերթին խաղաղ ցուցարարներին բռնության չենթարկեն


Բաղրամյանը բացելու և հատկապես անչափահասներին պողոտայից հեռացնելու՝ վարչապետի կոչից ժամեր անց պողոտա եկավ Ոստիկանության անչափահասների խնդիրներով զբաղվող ստորաբաժանման ղեկավար Նելլի Դուրյանը՝ անձամբ տեղեկացնելու, որ երեխաների մասնակցությունը չարտոնված ցույցին վտանգավոր է:

Ծնողների արձագանքը չուշացավ.- «Վտանգը միմիայն ոստիկանության կողմից է»,- պնդեց մի տղամարդ։

«Եկել եմ ու հենց սկզբում եմ կանգնում։ Մեզ մոտ խաղաղ ցույց է, չեմ կարծում, որ իրավունք ունեն մեր վրա ագրեսիա կիրառելու»։

«Ես վտանգ չեմ տեսնում և չեմ կարծում, որ իրենք ինչ-որ քայլ անեն երեխաների դեմ»։

Որևէ օրենք ծնողներին չի արգելում երեխաների հետ խաղաղ ցույցի մասնակցել։ Սակայն Ոստիկանությունը պնդում է, թե անհանգստացած է երեխաների համար, քանի որ Բաղրամյանում վերջին օրերին հայտնաբերել են զենք ու կռփազենք, բերման են ենթարկել ոչ սթափ վիճակում գտնվող մարդկանց, իրավիճակը հակասանիտարական է, հնչում են հայհոյանքներ:

Ցույցին մասնակցող ծնողները մինչդեռ խորհուրդ են տալիս, որ իրավապահները սանիտարական վիճակի մասին մտահոգվելու փոխարեն անչափահասներին բերման չենթարկեն՝ սահմանվածից ավելի պահելով: Հիշեցնում են՝ առնվազն մեկ դեպք արդեն եղել է հունիսի 23-ին՝ Բաղրամյանը բացելու ոստիկանական գործողություններից հետո:

«Ես անչափահաս երեխայի մայր եմ, երեխաս տեսել է, որ ինձ բռնում, տանում են, դուբինկով տվեցին մեջքին», - պատմեց ծնողներից մեկը և հավելեց. - «Ի՞նչ պատասխան կարող եք տալ»։

«Առավոտյան ժամը 6-ին անչափահաս երեխան պետք է տանը լինի։ Երեխաների նկատմամբ ուշադիր եղեք, որովհետև ամառային արձակուրդներ են, ազատ ժամանակը շատ է, ամեն դեպքում փողոցում են գտնվում, թե՛ շոգ է, թե՛ այստեղ հավաքվում են չափահասները»,- պատասխանեց Ոստիկանության անչափահասների խնդիրներով զբաղվող ստորաբաժանման ղեկավարը։

«Ջրցանի օրը երեխան ասել է՝ ես անչափահաս եմ, իրավունք չունեք ինձ տանել քաղմաս, իրենք դուբինկեքով հարվածում են։ Թող էդ հարցերին սկզբում պատասխանեն, նոր անցնեն հարցերին, թե ես երեխային իրավունք ունեմ բերելու կամ չբերելու»,- հակադարձեց ցուցարարներից մեկը։

Ընդ որում, երեխաներին Բաղրամյանից տուն տանելու հորդոր-կոչերից բացի՝ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն էր «Ֆեյսբուք»-ի իր էջում մանկահասակ երեխաների հետ Բաղրամյան պողոտա գնացած ծնողների լուսանկարներ տեղադրել՝ գրելով.- «Դրանցից յուրաքանչյուրը ԱՄՆ ոստիկանության համար օրինական հիմք կլիներ ոչ միայն ցույցը ցրելու, այլև ծնողին ձերբակալելու և անգամ ծնողական իրավունքներից զրկելու համար»։

Ցուցարարներն այս գրառման տակ հստակ սպառնալիք են տեսնում.- «Իրենց էդ էժանագին քայլերից մեկն է՝ խուճապ մտցնել մարդկանց մեջ»։

Համացանցում նաև լուսանկար է շրջանառվում, որտեղ մանկապարտեզի դաստիարակի ուղեկցությամբ մանկահասակ երեխաներ են Բաղրամյանով անցնում: Սա նույնպես մտահոգել է Ոստիկանությանը: Թեև ահազանգ չեն ստացել, բայց պնդում են՝ կան ծնողներ, որոնք տեղյակ չեն, թե իրենց երեխաները մասնակցում են ցույցին: Ականատես Զարուհի Հովհաննիսյանը մինչդեռ վստահեցնում է՝ Բաղրամյանի հարևանությամբ գործող մանկապարտեզներից մեկի դայակը երեխաների հետ ընդամենը փողոց է անցել, ցույցին չի մասնակցել։

Այդ օրը Բաղրամյանում մտահոգիչ որևէ բան չի նկատել նաև ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, փորձառու մանկավարժ Անահիտ Բախշյանը: Փոխարենը բազմաթիվ օրինակներ է հիշում, երբ երեխաները մասնակցել են իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին՝ առանց մտահոգություն պատճառելու Ոստիկանությանը։

«Եթե էդ ցույցը Հանրապետական կուսակցությունը կազմակերպեր, ո՛չ մի մանկապարտեզ, այլ բոլոր մանկապարտեզների երեխաներին պոչ-պոչի բռնած, սիրուն կբերեին, ինչ-որ բան կերգացնեին։ Էնպիսի վիճակում պահեք ժողովրդին, որ մայրիկները չգան ցույց անեն, որ իրենց լույսը չթանկանա, իրենց երեխաների ուտելիքը չթանկանա»,- ասաց Բախշյանը։

XS
SM
MD
LG