Մատչելիության հղումներ

Կառավարության անդամները չգիտեն, թե ինչ միջոցներով է փոխհատուցվելու սակագնի բարձրացումը


Հստակ չէ նաև, թե կոնկրետ որքան գումար է ՀԷՑ-ին փոխանցվելու թանկացման դիմաց, բայց հայտնի է, որ խոսքը միլիարդավոր դրամների մասին է:

Հինգ օր է անցել նախագահ Սարգսյանի հայտարարությունից, թե կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը, սակայն առ այսօր նույնիսկ կառավարության անդամները տեղյակ չեն, թե ինչպես է և ինչի հաշվին է գործադիրը վճարելու այդ գումարը:

Սերժ Սարգսյանը նշել էր, թե գումարը տրամադրվելու է անվտանգության համար առանձնացված միջոցներից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մանրամասներ չէր հաղորդել՝ ընդամենը հավաստիացնելով, թե վճարելու են «ոչ բյուջեի հաշվին», իսկ ինչի հաշվին՝ պարզվեց՝ դեռ քննարկում են:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նույնպես այսօր հստակ պատասխան չտվեց՝ կրկնելով, թե հարցը քննարկման փուլում է:

Նույնպիսի պատասխան ստացանք նաև Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից․ - «Դեռ քննարկման փուլում է»:

Փորձեցինք այս հարցի պատասխանը ստանալ պետության միջոցների համար պատասխանատու՝ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանից, նա էլ հստակ պատասխան չուներ:

Պատասխան չունեին նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Հստակ չէ նաև, թե կոնկրետ որքան գումար է ՀԷՑ-ին փոխանցվելու թանկացման դիմաց, բայց հայտնի է, որ խոսքը միլիարդավոր դրամների մասին է:

Դրանց աղբյուրը հայտնի չէ նաև երկրի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: «Ազատության» հարցին Ջավադյանն արձագանքեց․ - «Տեղյակ չեմ, բայց արտաբյուջետային տարբեր միջոցներ ունենք»:

Կառավարությունից հստակ պատասխանի է սպասում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ընդ որում, նա չի բացառում, որ հանձնաժողովը կարող է սակագինը բարձացնելու որոշումը վերանայել, եթե ՀԷՑ-ի վնասները փոխհատուցելու միջոցներ գտնվեն․ - «Ես իմ հրապարակային ելույթներում միշտ ասել եմ, մինչև նույնիսկ սակագնի սահմանումը․ եթե գտնվեն միջոցներ և պաշտոնապես ասվի այդ միջոցների մասին, և ասեն՝ այդքանով նվազեցրեք սակագները, մենք միայն այդ դեպքում կգնանք այդ քայլին»:

Փորձագետների կարծիքով՝ դրամաշնորհից բացի ցանկացած այլ միջոց, որ կհայթայթի կառավարությունը՝ փոխհատուցելու ռուսաստանյան ընկերության վնասները, ի վերջո ընկնելու է Հայաստանի հարկատուների ուսերին:

XS
SM
MD
LG