Մատչելիության հղումներ

Բաղրամյանը չազատելու դեպքում Ոստիկանությունը «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել իրեն վերապահված լիազորությունները»


Ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրում է բողոքի ցույցը, 23-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրում է բողոքի ցույցը, 23-ը հունիսի, 2015թ.

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան տևական ժամանակով և ամբողջությամբ արգելափակելու հանգամանքն «իր բնույթով և առաջացրած հետևանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրության շահերը»:

Ուստի Բաղրամյանը չազատելու դեպքում ոստիկանությունը զգուշացնում է՝ «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։

«ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դրսևորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը»,- հայտարարում է Ոստիկանությունը՝ հորդորելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր հանրային միջոցառումներն անցկացնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ և Ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հավաքը տեղափոխել այլ վայր:

ՀՀ ոստիկանությունը նաև հույս է հայտնում, որ «վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»։

Անդրադառնալով հունիսի 23-ի գործողությանը, երբ ոստիկանները ջրցան մեքենայով ցրեցին նստացույցի դիմած քաղաքացիներին և բռնի ուժ գործադրելով բերման ենթարկեցին նրանց, Ոստիկանությունը հայտարարում է՝ «միայն հունիսի 23-ի առավոտյան, հավաքը Ազատության հրապարակ տեղափոխելու տևական ապարդյուն բանակցություններից և անօրինական հավաքը դադարեցնելու վերաբերյալ անտեսված բազմաթիվ նախազգուշացումներից հետո, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել դադարեցնել հավաքը»։

«Եվ համաձայն նման դեպքերին հատուկ գործելակերպին՝ ՀՀ ոստիկանությունն անմիջապես նախաձեռնել է նաև իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության ստուգման ներքին ընթացակարգեր»,- ասված է հայտարարությունում:

Ոստիկանությունը նաև պնդում է, թե հանդուրժողականություն է դրսևորել Երևան քաղաքի հիմնական մայրուղիներց մեկի տևական արգելափակման, հավաքի վայր դրա անցկացման ժամանակ չօգտագործվող առարկաներ բերելու, ինչպես նաև բնակելի շինություններին հարող տարածքներում գիշերային ժամերին անձանց հանգիստը խանգարող աղմուկի նկատմամբ՝ հնարավորություն տալով հավաքի մասնակիցներին հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի կապակցությամբ արտահայտել իրենց դիրքորոշումը:

«Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ հավաքների ազատության իրավունքի ցանկացած դրսևորում, անկախ դրա բնույթից, մասնակիցների պահանջների էությունից կամ այդ պահանջների բավարարման կապակցությամբ վերջիններիս վերաբերմունքից, պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի վերաբերելի դրույթներին: Այս առումով հավաքների ազատության իրավունքը, նախ և առաջ, չունի և չի կարող ունենալ բացարձակ բնույթ, և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթևեկության ապահովման»։

Ցանկացած հավաք ունի սկիզբ և ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ, ասում է Ոստիկանությունը՝ հավելելով՝ հավաքների ազատության իրավունքի բովանդակությունն իր մեջ չի ներառում հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը.- «Հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները բավարար ժամանակ են ունեցել իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG