Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն կքննի նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունները Բաղրամյանում


Գյումրիում մեղադրանք է առաջադրվել նստացույցի մասնակից Կարեն Պետրոսյանին, ով 12 այլ քաղաքացիների հետ բերման էր ենթարկվել

Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին ոստիկանության գործողությունների համաչափությունն ուսումնասիրելիս Հատուկ քննչական ծառայությունը նաև կքննի` արդյոք քաղաքացիական հագուստով ոստիկանները իրավունք ունեին ցուցարարների դեմ գործողություն իրականացնել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ընդգծելով, որ նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, և քրեական գործ հարուցել-չհարուցելու հարցը պարզ կդառնա մինչև շաբաթվա վերջ:

«Այսինքն, մենք խոսում ենք այդ օրը ոստիկանի կողմից՝ կապ չունի՝ քաղաքացիական հագուստով էր, թե համազգեստով, ոստիկանի կողմից ֆիզիկական ուժ կիրառելու համաչափության և իրավաչափության հարցերի քննարկման վերաբերյալ: Որպես կանոն, քաղաքացիական հագուստով ոստիկանների ներգրավվածությունը, ես չեմ կարծում, որ պետք է արտասովոր դիտվի կամ ինքնին տարօրինակ համարվի, որովհետև ոստիկանը, նաև իր գործառույթները իրականացնելով պայմանավորված, կարող է լինել և՛ համազգեստով, և՛ քաղաքացիական հագուստով: Օրինակ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու ժամանակ, ոստիկանի կողմից համազգեստով իրականացնելը դա ինքնին տարօրինակ կթվար: Այս մոտեցումը աշխարհում է ընդունված», - ասաց գլխավոր դատախազը:

«Հիմա, մենք անունը կդնենք ծեծ, բռնություն, բիրտ բռնություն, բիրտ ուժ՝ դրա անունը իրավաբանորեն ֆիզիկական ուժի գործադրումն է: Ցանկացած ֆիզիկական ուժի գործադրման իրավաչափությունը կքննարկվի», - ընդգծեց Գևորգ Կոստանյանը:

Նույն օրը Երևանում բերման ենթարկված մոտ 250 քաղաքացիների մասով դեռ որևէ զարգացում չկա: Խուլիգանության փաստով հարուցված գործով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, բոլորն էլ անցնում են որպես վկա:

Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին խաղաղ ցույցը ցրելու ոստիկանական գործողությունները բողոքի ալիք էին բարձրացրել նաև Գյումրիում, որտեղ նստացույցի մասնակիցները անհնազանդության ակցիա իրականացրեցին՝ փակելով Սայաթ-Նովա փողոցը: Այսօր մեղադրանք է առաջադրվել Գյումրիում այդ օրը բերման ենթարկված 13 ցուցարարներից մեկին՝ Կարեն Պետրոսյանին, խուլիգանության հոդվածով: Թե ինչու են բերման ենթարկված ցուցարարներից միայն Պետրոսյանին մեղադրանք առաջադրել՝ իրավապահները չեն պարզաբանում: Պատասխան չունի նաև ակտիվիստը, սակայն պնդում է՝ այս քայլերով իրեն հնարավոր չէ ճնշել:

«Ինձ մեղադրանք է առաջադրվել երկրորդ մասով խուլիգանության: Ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց այս պահին, որովհետև ծանոթ չենք փաստական հանգամանքին, թե ինչի հիման վրա է առաջադրվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը առաջարկում է Բաղրամյանում մնացած ցուցարարներին այս հարցը պահել ուշադրության կենտրոնում և հետևել, որ հունիսի 23-ի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Պատգամավորը վստահ է՝ այժմ ոստիկանությունը կտրուկ գործողությունների չի դիմում՝ ներսում շարունակվող ցույցերի և դրսից հնչող քննադատությունների պատճառով:

«Դա իհարկե նաև միջազգային հանրության արձագանքի շնորհիվ է, որովհետև միջազգային հանրությունը բավականին դատապարտող հայտարարություններով հանդես եկավ, որը իրենց բավականին զսպում է», - ընդգծեց Փոստանջյանը:

XS
SM
MD
LG