Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է Դատախազության աշխատողի օրվա և դատախազական ծառայության 97-ամյակի կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության 97-ամյակի կապակցությամբ:

Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է . - «Այսօր Հայաստանի դատախազության առջև ծառացած են բազմաթիվ դժվարին խնդիրներ, որոնց շարքում հատկապես կարելի է առանձնացնել օրենքի գերակայության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է, որ մեր երկիրը ժողովրդավարական և իրավական պետություն է: Դա ձեր գործունեության անկյունաքարն է, ուստի և ձեր կառույցին կարևոր առաքելություն է վերապահված մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Դուք պետք է անզիջում լինեք մեր հասարակությունը թուլացնող կոռուպցիայի դրսևորումների հանդեպ, որոնցից ազատվելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ինչն անհնար է առանց ձեր անխոնջ և աննկուն աշխատանքի: Պետք է առաջնորդվեք սկզբունքայնությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ: Վստահ եմ, որ որդեգրելով աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ, դուք կկարողանաք արդյունավետորեն լուծել ձեր առջև դրված խնդիրները»:

Սարգսյանն ուրախությամբ նշել է, որ «դատախազության համակարգը շարունակաբար համալրվում է երիտասարդ, բանիմաց ու գիտակ իրավաբաններով»:

«Հավատում եմ, որ այս ոլորտում որակյալ մասնագետների լուրջ ներուժ կա, որը կարող է իրագործել Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն և հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին», - ասել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG