Մատչելիության հղումներ

Սանասարյան. Փորձելու ենք նոր առաջարկներ, նոր քայլեր ներկայացնել ու ստանալ ժողովրդի հավանությունը


Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում ձևավորվեց բողոքի ցույցը համակարգող նոր խումբ։

«Փորձելու ենք նոր առաջարկներ, նոր քայլեր ներկայացնել ու ստանալ ժողովրդի հավանությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց խմբի անդամ Դավիթ Սանասարյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին, երբ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը տեղափոխվեց Ազատության հրապարակ, Բաղրամյան պողոտայում ցուցարարները մնացին առանց նախաձեռնող խմբի։ Երեկ երեկոյան ձևավորվեց համակարգող նոր խումբ, այնուհետև ստեղծվեցին 10-հոգանոց խմբեր, որոնք համակարգելու են ցույցի հետ կապված տարբեր հարցեր, այդ թվում՝ արագ արձագանքման, տնտեսական, հասարակայնության հետ կապերի, տեխնիկական, իրավաբանական և այլն։

«Շուտով այստեղ կլինեն վարվելակերպի կանոններ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շարժումը զերծ մնա ամեն տեսակ սադրանքներից։ Բացի կազմակերպչական աշխատանքներից, խմբեր են ստեղծվել, որ պետք է աշխատեն տեքստերի վրա, որ քննարկումների արդյունքում պետք է նոր առաջարկներ ներկայացնեն», - ասաց Սանասարյանը։

Անդրադառնալով պահանջներին, նա նշեց, որ ոչինչ չի փոխվել՝ պահանջում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշման չեղարկում, էլեկտրաէներգիայի նախկին սակագնի վերանայում՝ նվազեցման նպատակով, հունիսի 23-ին ուժ կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկում․ սրանց շուրջ էլ համախմբվել են՝ մի կողմ դնելով կուսակցական դրոշները։

«Սա, իհարկե, քաղաքական հարց է. դիմում ենք իշխանությանը, խնդիրը կապված է իշխանության և մեկ այլ իշխանության հետ։ Խնդրում եմ, մի՛ վախեցեք քաղաքական բառից, այստեղ որևիցե մեկը չի տեսնի ոչ մի կուսակցական աշխատանք։ Ես ինքս «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակն եմ, բայց ես ինքս թույլ չեմ տալու, որ որևիցե մեկը գա այստեղ կուսակցական աշխատանք տանի, սա համաքաղաքացիական հարց է, և մենք չենք թողնելու, որ կուսակցական շահերը բախվեն», - ասաց Սանասարյանը՝ նշելով. - «Որևիցե մեկին լիդեր չենք նշանակում, որևիցե մեկը քաղաքական դիվիդենտներ չի ստանում, Հայաստանի քաղաքացու առջև ծառացած խնդրի լուծումն ենք ուզում գտնել։ Կարևոր չէ, թե ինչ նախաձեռնության և ինչ կուսակցության անդամ եք, եկեք, օգնեք»։

Նա նաև հեռակա դիմեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. - «Չփորձե՛ք ևս մեկ անգամ նվերի թելեր մեզ մատուցել, թե իբր ձեր բարի կամքի դրսևորումն է, որ քայլեր չեք ձեռնարկում։ Այստեղ կա քաղաքացիների ուժ, որը 5,10,15 հոգի են, բայց բոլորը շատ լավ հասկանում են, որ եթե լինի ուժ, էդ հակառակ ուժը լինելու է քաղաքացիների կողմից»։

Նա նշեց, որ եթե իշխանությունները չլսեն ժողովրդի ձայնը, շարունակեն ոտնահարել ժողովրդի շահերը և չկատարեն պահանջները, մի օր դրվելու է իշխանափոխության խնդիրը։

«Դրա համար դիմում եմ ժողովրդին՝ իշխանության նետած կուտը մի՛ վերցրեք», - ասաց Սանասարյանը։

Նշենք, որ 9-րդ գիշերը Բաղրամյան պողոտայում անցել է խաղաղ, առանց բախումների։ Այնտեղ են լուսացրել նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնության մի քանի անդամներ, այդ թվում՝ Մաքսիմ Սարգսյանը։ Առավոտյան Բաղրամյան պողոտայում էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նա շրջեց ցուցարարների կողքով, բայց որևէ հայտարարություն չհնչեցրեց։

XS
SM
MD
LG