Մատչելիության հղումներ

Պուտինի խոսնակ․ Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի ներքին խնդիրն է


Դմիտրի Պեսկով, արխիվ

Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ:

Երեքշաբթի օրը, պատասխանելով լրագրողների հարցին, Պեսկովը, մասնավորապես, ասել է. - «Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի ներքին հարցն է և անշուշտ չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նա այսպես է պատասխանել, երբ լրագրողները հարցրել են, թե Ռուսաստանի և Հայաստանի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում արդյոք քննարկվե՞լ է Հայաստանում տիրող լարված իրավիճակը: Պեսկովն ասել է, թե հարցը քննարկվել է երկկողմ հարաբերությունների համատեքստում:

«Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչի մասին մենք հաղորդել ենք», - հավելել է նա:

Հայաստանի նախագահի ծննդյան օրվա առթիվ երեկ Սարգսյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին երեկ անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) 100-տոկոսանոց սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավարը:

«Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի բարդ իրավիճակում սակագնի բարձրացման որոշումը զանգվածային բողոքների պատճառ դարձավ, որը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այլ ոչ թե քաղաքական: Այստեղ որևէ քաղաքականություն չկա», - ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալությանը ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:

Նա նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այս պահին գտնվում է ֆինանսական կայունության սահմանագծին և հնարավորություն չունի ժամանակին վճարել էներգետիկ ձեռնարկություններին նրանցից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց:

Ըատ նրա՝ ՀԷՑ-ի կրած վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է:

Բորիս Կովալչուկը ասել է, որ 11 տարիների ընթացքում սակագնի անբավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել են մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել:

«Սրանք են ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառները», - նշել է նա:

Հայաստանի բաշխիչ ցանցերում գործում է մեկ գնորդի մոդելը: ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան գնում է արտադրող ձեռնարկություններից՝ ատոմակայանից, հիդրոկայաններից և ջերմակայաններից ու վաճառում սպառողներին: Սակագինը հաստատում է պետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG