Մատչելիության հղումներ

logo-print

Բագրատյան․ Պետությունը կարող է դադարեցնել սակագին հաստատելը


ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսում է այն մասին, թե պետությունը «ինչ կարող է չանել»՝ ստեղծված իրավիճակը հարթելու համար:

Այս գիշեր Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող ցուցարարներին այցելել էր ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի՞նչ կարող է անել պետությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ստեղծված իրավիճակում, Բագրատյանը, մասնավորապես, ասաց․ - «Ես կարող եմ ասել՝ պետությունը ինչ կարող է չանել: Օրինակ՝ դադարեցնի սակագին հաստատելը: ՀԷՑ-ին էլ ասում ես՝ դե որ այդպես է՝ ինքդ հաստատիր, ինքդ աշխատիր: Տեսնենք ի՞նչ գնով կվաճառես, կվաճառե՞ս արդյոք, թե՞ ոչ»:

Էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո` հունիսի 19-ից, Երևանում մեկնարկեց բողոքի հանրահավաք, որը նույն երեկոյան վերաճեց նստացույցի: Հունիսի 22-ին ցուցարարները նստացույցը տեղափոխեցին Բաղրամյան պողոտա` փակելով փողոցը: Ոստիկանությունը ուժ կիրառեց և հունիսի 23-ի առավոտյան ցրեց ակցիան, սակայն նույն օրը Ազատության հրապարակում նոր հանրահավաք անցկացվեց, որի մասնակիցները վերադարձան Բաղրամյան պողոտա և շարունակեցին նստացույցը: Շուրջօրյա բողոքի ակցիաների մեկնարկից մի քանի օր անց՝ հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի գործունեության միջազգային աուդիտ կանցկացվի՝ պարզելու, մասնավորապես, հոսանքի թանկացման հիմնավորվածությունը, իսկ մինչ աուդիտի եզրակացությունը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռը: Այս հայտարարությունից հետո «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գնալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, ցուցարարների մի մասը, փաստորեն մնալով առանց ակցիայի ղեկավարների կամ պատասխանատուների, որոշեց շարունակել նստացույցը Բաղրամյան պողոտայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG