Մատչելիության հղումներ

logo-print

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները հունիսի 30-ին ուշ երեկոյան ձևավորեցին քաղաքացիների համակարգող խումբ:

Ցուցարարները նախ կազմավորեցին 10 հոգանոց խմբեր, որոնք համակարգելու են ցույցի հետ կապված տարբեր ոլորտներ, այդ թվում՝ արագ արձագանքման, ֆինանսատնտեսական, հասարակայնության հետ կապերի, տեխնիկական, իրավաբանական և այլն: Այնուհետև, այդ խմբերից ներկայացուցիչներ ընտրվեցին, ովքեր միասին կազմեցին նոր նախաձեռնող խումբը:

Նախաձեռնող խմբում ընդգրկված են Նարեկ Այվազյանը, Դավիթ Սանասարյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հունան Կնյազյանը, Հովիկ Ենոքյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հայրապետյանը, Պավել Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը, Վահագն Լևոնյանը, Դավիթ Սահակյանը, Արա Շահվերդյանը և Դավիթ Հովհաննիսյանը։

Էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո` հունիսի 19-ից, Երևանում մեկնարկեց բողոքի հանրահավաք, որը նույն երեկոյան վերաճեց նստացույցի: Հունիսի 22-ին ցուցարարները նստացույցը տեղափոխեցին Բաղրամյան պողոտա` փակելով փողոցը: Ոստիկանությունը ուժ կիրառեց և հունիսի 23-ի առավոտյան ցրեց ակցիան, սակայն նույն օրը Ազատության հրապարակում նոր հանրահավաք անցկացվեց, որի մասնակիցները վերադարձան Բաղրամյան պողոտա և շարունակեցին նստացույցը: Շուրջօրյա բողոքի ակցիաների մեկնարկից մի քանի օր անց՝ հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի գործունեության միջազգային աուդիտ կանցկացվի՝ պարզելու, մասնավորապես, հոսանքի թանկացման հիմնավորվածությունը, իսկ մինչ աուդիտի եզրակացությունը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռը: Այս հայտարարությունից հետո «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գնալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, ցուցարարների մի մասը, փաստորեն մնալով առանց ակցիայի ղեկավարների կամ պատասխանատուների, որոշեց շարունակել նստացույցը Բաղրամյան պողոտայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG