Մատչելիության հղումներ

Թուրքիայում զուգահեռներ են անցկացնում Բաղրամյանի պողոտայի և Գեզի այգու միջև


Թուրքիայում զուգահեռներ են անցկացնում Բաղրամյանի պողոտայի և Գեզի այգու միջև
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ զանգվածային բողոքի ցույցերը հայտնվեցին նաև թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին են անդրադարձել այնպիսի առաջատար թուրքական լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Սաբահ»-ը, «Աքշամ»-ը, «Միլիյեթ»-ը, «Հյուրիյեթ»-ը, «Փոստա»-ն, BBC-ի թուրքական ծառայությունը, հայկական «Ագօս» պարբերականը և մի շարք այլ լրատվամիջոցներ:

Թուրքական լրատվականները ներկայացրել էին Երևանում տեղի ունեցող դեպքերը, նշել ոստիկանության միջամտության և հարյուրավոր ձերբակալվածների մասին:

Հայաստանում տեղի ունեցող զարգացումները Թուրքիայում ստացան նաև հասարակական արձագանք: Շատերը նույնիսկ սկսեցին զուգահեռներ տանել 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգու շուրջ ծավալված զանգվածային ելույթների հետ:

Ստամբուլում գործող «ՊՈԴԵՄ» հասարակական-քաղաքական և ժողովրդավարական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Այբարս Գորգյուլուն, ով զբաղվում է Հարավային Կովկասի և Հայաստանի վերաբերյալ հետազոտություններով, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի և Գեզի այգու դեպքերի միջև նմանություններ կան, սակայն տարբեր է դրանց սոցիալական ենթատեքստը:

«Թուրքիայում տեղի ունեցած Գեզիի դեպքերի հետ նմանություններ իհարկե կան: Օրինակ` մասնակիցների դիմագիծը նման է: Թուրքիայում էլ գլխավոր դերում երիտասարդներն էին, մասնավորապես կրթված, ինչպես այն ժամանակ էին ասում ապաքաղաքականացված երիտասարդները: Սակայն որոշակի փուլում Գեզիի դեպքերում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող խմբեր ներգրավվեցին: Այս առումով միգուցե ցույցերի սկզբնական փուլն է նման Հայաստանի շարժմանը: Այդ պատճառով էլ ուղիղ նմանություն չեմ տեսնում: Նույնն էլ Մայդանի իրադարձությունների դեպքում: Սրանք բոլորը փողոցային ցույցեր են և որոշակի նմանություններ ունեն, սակայն սոցիալական ենթատեքստը շատ տարբեր է: Այդ պատճառով էլ ճիշտ չեմ համարում Գեզիի և Հայաստանի դեպքերի համեմատությունը», - նշեց Գյորգյուլուն:

Փորձագետի կարծիքով` Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակը մտահոգիչ է նաև Թուրքիայի համար:

«Հայաստանը Թուրքիայի հարևանն է, սակայն փակ սահմանով հարևան: 20 տարուց ավել չկարողացանք դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շուտով 25 տարի կդառնա: Կարծում եմ` երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն: Իհարկե, Հայաստանը ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի: Սակայն այսօր Թուրքիան Հայաստանի նկատմամբ փակ սահմանների և մեկուսացման քաղաքականություն է վարում: Երբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը, Թուրքիան փակեց սահմանը Հայաստանին պատժելու նպատակով: Սա բացասականորեն ազդեց Հայաստանի տնտեսության վրա, Հայաստանը էլ ավելի մոտեցավ Ռուսաստանին: Այնուհետև Հայաստանը վերջին րոպեին հրաժարվեց Եվրամիության հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրից և միացավ Եվրասիական տնտեսական համագործակցությանը: Սա ավելի մեծացրեց Ռուսաստանի ազդեցությունը: Հայաստանում կարևոր ընկերությունները ռուսական են կամ այդ ընկերություններում Ռուսաստանը մասնաբաժին ունի: Այդ պատճառով էլ Ռուսաստանի տնտեսության խնդիրները ուղիղ ազդում են Հայաստանի վրա: Ուկրաինայի ճգնաժամից հետո Ռուսաստանը ծանր բոյկոտի տակ է հայտնվել և Ամերիկայի, և Եվրամիության կողմից: Եթե Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է, Հայաստանի տնտեսությունն էլ է դրանից տուժում: Մեզ մոտ այսպիսի մի խոսք կա, երբ Ռուսաստանը փռշտում է, Հայաստանը հիվանդանում է: Կարծում եմ` այսօրվա ճգնաժամի պատճառներից մեկն էլ դա է», - նշեց փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG