Մատչելիության հղումներ

ԱԺ խոսնակի հայտարարությունը «շատ չի տարբերվում նախագահի հայտարարությունից»


Հայտարարությունն արված է խորհրդարանի խոսնակի անունից, թեև առավոտյան այն քննարկվել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ՝ նրանց անունից այն հրապարակելու նպատակով:

««Ո՛չ թալանին» նախաձեռնության հավաքներն առայսօր առավելագույնս խաղաղ են եւ օրինապահ», - էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների վերաբերյալ իր հայտարարության մեջ նշել է Ազգային ժողովի նախագահ Գալաուստ Սահակյանը՝ հորդորելով նախաձեռնությանը պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ հարթություն, խնդիրները համատեղ ջանքերով լուծել, միմյանց ընդառաջ քայլեր կատարել ու մեղմել համընդհանուր անվստահության մթնոլորտը:

Այս հայտարարությունն արված է խորհրդարանի խոսնակի անունից, թեև առավոտյան այն քննարկվել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ՝ նրանց անունից այն հրապարակելու նպատակով:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փոխանցեց, որ իրենք չեն ստորագրել հայտարարության տակ․ - «Հայ ազգային կոնգրեսը հրաժարվում է ստորագրել նման փաստաթուղթ, որտեղ գլխավոր հարցերի վերաբերյալ ոչ մի բան ասված չէ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ մանրամասներ փոխանցել փակ քննարկումից, սակայն նշեց, որ ժամանակավրեպ է համարում հայտարարությունը, ուստի չի ստորագրել այն․ - «Բայց ամեն դեպքում Ազգային ժողովի նախագահը բացարձակ իրավունք ունի իր տեսակետը հայտնելու: Եվ այդ պատճառով է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը, կարծում եմ, ձեռնպահ կմնա այս պահին միանալ մի հայտարարության, որի վերաբերյալ մենք քանիցս մեր տեսակետը հայտնել ենք»:

Լևոն Զուրաբյանի կարծիքով, խորհրդարանի խոսնակի հայտարարությունը Սերժ Սարգսյանի հայտարարությունից շատ չի տարբերվում՝ հանրության իրական պահանջին չի արձագանքում: Նա փոխանցեց, որ ՀԱԿ խմբակցությունն այսօր որոշել է ի մի բերել կատարված ուսումնասիրությունները էլեկտրաէներգիայի և գազի ոլորտներում կատարված չարաշահումների վերաբերյալ և մեդավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով գլխավոր դատախազին ներակայացնել հաղորդում հանցագործության մասին:

ՀԱԿ-ը կարծում է, որ եթե իշխանությունները տրամադրված լինեին իրոք լուծել խնդիրը, դատախազությունը պետք է վաղուց զբաղվեր էլցանցերով: «Կա իրավական ճանապարհ լուրջ քննություն սկսել կատարված չարաշահումների վերաբերյալ: Ինչո՞ւ դա չի կատարվում: Այդ հարցը մենք բազմիցս դրել ենք․․․ Ուղղակի երևում է, որ գոյություն չունի որևէ շահագրգռվածություն դատախազության կողմից այս գործը բացահայտելու», - ասաց Զուրաբյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) հակադարձեց․ - «Ես կարծում եմ, որ իսկապես խոսակցությունները շատ են: Ե՛վ մեր ընդդիմադիր գործընկերները շատ են այս մասին խոսում, և՛ մամուլն է շատ այս մասին խոսում: Բայց ես վստահ եմ, որ փաստ եթե այդտեղ լինի, դատախազությունն անմիջապես կարձագանքի: Որևէ փաստ, որը փաստ է, ոչ թե խոսակցություն, մինչ օրս չի հնչել»:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, իրավիճակը կարող էր Բաղրամյան պողոտային չհասնել՝ եթե կուտակված սոցիալական հարցերը քաղաքական եւ մասնագիտական լուծում ստանային․ - «Այն, ինչ ասում էր «Բարգավաճ Հայաստանը», որ խնդիրները չպիտի թողնել, որ քաղաքական օրակարգից դուրս գան, որովհետև միևնույն է ժողովուրդը ընդվզելու է, և եկեք խնդիրներին, որոնք ունեն լուծումներ, տանք պրոֆեսիոնալ, մասնագիտական լուծումներ և իրերը կոչենք իրենց անունով, գողին կոչենք գող, թալանչուն կոչենք թալանչի, գրպանահատին կոչենք գրպանահատ, վատ մենեջերին կոչենք վատ մենեջեր և կանչենք պատասխանատվության: Եվ առաջարկված լուծումները, որոնք կային, դրանից օգտվենք, մենք այսօր չէինք ունենա այս իրավիճակը»:

Իսկ աուդիտը, ըստ Զոհրաբյանի, պետք է անցկացվի ողջ էներգահամակարգում․ - «Որովհետև այդտեղ պրոբլեմը միայն ՀԷՑ-ը չէ: Դա շատ մի փոքր հատվածն է: Բայց կտա արդյունք, թե չէ՝ եկեք իրադարձություններից առաջ չընկնենք»:

Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարության մեջ նշել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման բեռը կառավարությունը կվերցնի իր վրա և որ գումարները կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Հերմինե Նաղդալյանի պնդեց, որ դրանք բյուջեից չեն վերցվելու:

«Նախ պետք է պարզենք, թե դա ինչ է», - ասաց Լևոն Զուրաբյանը: - «Բայց նման հղումը, որ սա պետք է արվի անվտանգության շահերի հաշվին, անվտանգության ապահովման համար ինչ-որ վարկային ծրագրերից ստացված գումարների հաշվին, սա արդեն մենք մեր հայտարարության մեջ գնահատել ենք որպես էժանագին շանտաժ հենց ցուցարարների նկատմամբ, որով ինքը փորձում է այդ իր որոշման պատասխանատվությունը բարդել ցուցարարների վրա»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG