Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամը վերահաստատում է իր կանխատեսումը՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը չի աճի:

«Հայաստանի վրա ազդեցություն է ունեցել ոչ միայն Ռուսաստանի տնտեսության դանդաղումը, մասնավոր տրանսֆերտների կրճատումը (այս տարի տրանսֆերտները կրճատվել են մոտ 40 տոկոսով), նաև կրճատվել է Հայաստանի արտահանումը: Արդյունքում՝ մեր ներկայիս կանխատեսումն է, որ Հայաստանի տնտեսությունը այս տարի կգրանցի շատ փոքր աճ, միգուցե ընդհանրապես աճ չի ունենա», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը:

Հայաստանի իշխանությունները ծանր են տանում տնտեսական անկման մասին գնահատականները: Իհարկե, իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք այլևս չի խոսում նախագահ Սարգսյանի՝ 2013-ի մարտին հնչեցրած պահանջի մասին՝ մինչև 2017 թվականը տարեկան ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, ինչը այդպես էլ դեռ իրականություն չի դարձել: Փոխարենը, կառավարության անդամները շարունակում են պնդել, թե 2015-ը կփակեն աճով:

Էկոնոմիկայի նախախար Կարեն Ճշմարիտյանը այսօր լրագրողներին անգամ ասել է, թե միջազգային կառույցները «շտապել են Հայաստանի տնտեսության վերաբերյալ բացասական կանխատեսումներ անել և հաշվի չեն առել երկրի ներքին կարողությունները»:

Ընդ որում, այս ամենի ֆոնին կառավարությունը տնտեսական աճի տարբեր թվեր է ներկայացնում: 2015 թվականի պետբյուջեում շարունակում է մնալ 4.1 տոկոս թիվը, թեև անցած ամիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այս տարի աճը կլինի ընդամենը 1 տոկոս:

Այդ ժամանակ վարչապետն նաև պահանջեց վերջ տալ տնտեսական անկման մասին խոսակցություններին․ - «Որոշ քաղաքական գործիչներ կամ քաղաքական ուժեր ցանկություն ունեն, որ կառավարությունը ձախողվի, տնտեսական անկում արձանագրվի, բայց ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ»:

Մասուդ Ահմեդը այսօր արձագանքեց կառավարության այդ դիրքորոշմանը՝ ասելով, որ պետք է տարանջատել ցանկությունը իրականությունից ․ - «Շատ երկրներում մենք հետևյալ հարցին ենք բախվում՝ արդյո՞ք ձեր կանխատեսումը ամենահավականն է, թե՞ դուք ցանկանում եք, որ ձեր կանխատեսումը դառնա իրականություն, որովհետև դուք կանխատեսում եք անում, որ, օրինակ, երկիրը նպատակ ունի ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, և ասում եք՝ սա է տարվա համար մեր կանխատեսումը: Բայց դա կանխատեսում չէ, դա թիրախ է: Երբ մարդիկ ասում են՝ մենք կցանկանայինք այս տարի հասնել 5 տոկոս աճի, ԱՄՀ-ն գալիս է ու ասում՝ այո՛, մենք նույնպես ենք ցանկանում, որ դուք ունենաք 5 տոկոս աճ, բայց օբյեկտիվորեն դիտարկելով միտումները, մենք կարծում ենք, որ եթե քիչ բան փոխվի, աճը կլինի 3 տոկոս»:

XS
SM
MD
LG