Մատչելիության հղումներ

Աբրահամյան․ Թանկացման բեռը չի դրվի բյուջեի վրա


Էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման բեռը չի դրվի բյուջեի վրա, այսօր հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պնդելով, թե գործող սակագնի վրա ավելացվող 7 դրամը կփոխհատուցվի արտաբյուջետային միջոցների հաշվին:

«Ի՞նչ միջոցների մասին՝ կհայտարարենք», - խոստացավ նա:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը պնդել էր, թե սակագնի բարձրացումը արդարացված է, իսկ այդ որոշման չեղարկումը ծայրահեղ վտանգավոր և առաջարկել էր անվստահության հարցը լուծելու համար ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել՝ ընդգծելով, որ մինչև դրա ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը։ Այս լուծումը, սակայն, ցուցարարներին չի բավարարում, «Ո՛չ թալանին» շարժումը պնդում է՝ բյուջեից առանձնացվող ցանկացած միջոց դարձյալ հարկատուների հաշվին է։ Այսօր թե՛ վարչապետը, թե՛ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը փորձեցին փարատել այս մտահոգությունը:

«Ես կոնկրետ աղբյուրի մասին չեմ կարող ասել, որովհետև ինքս չգիտեմ: Եթե վարչապետը հայտարարել է նման բան, հավանաբար վարչապետը գիտի ինչ է ասում և հիմնավոր է», - նշեց Երվանդ Զախարյանը:

Կառավարությունը հավաստիացնում է, որ արդեն հուլիսին կորոշվի, թե Հայաստանի էլեկտրական ցանցերում ո՞ր կազմակերպությունն է աուդիտ իրականացնելու, արդյո՞ք դա կլինի միջազգային, թե՞ տեղական կազմակերպություն։

Հանրապետության նախագահն իր հայտարարության մեջ նշել էր, որ եթե աուդիտորական ուսումնասիրությունից հետո հաստատվի, որ սակագնի բարձրացումն անհիմն է, ապա «կառավարությունը քայլեր կձեռնարկի ավել վճարված գումարը Բաշխիչ ցանցերից հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»: Թե ովքե՞ր կարող են պատասխանատվության ենթարկվել, էներգետիկայի նախարարը չմանրամասնեց՝ հորդորելով սպասել աուդիտի արդյունքներին։

«Ես եթեներով չեմ կարող պատասխանել», - ասաց Երվանդ Զախարյանը:

Այսօր կառավարության անդամները մասնակցում էին Հայաստանի տնտեսության առողջացմանն ուղղված համաժողովին։ Հավաքի մեկնարկին ի ելությում Հովիկ Աբրահամյանը, կրկին խոսեց հոսանքի թանկացման ու դրան հաջորդած իրադարձությունների մասին։

«Մենք ամեն ինչ պետք է անենք էներգետիկ ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար», - հայտարարեց վարչապետը՝ հավելելով, - «Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ: Եվ ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է: Առճակատումներով և առավելագույն պահանջներով, որքան էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի»։

XS
SM
MD
LG