Մատչելիության հղումներ

Ստամբուլի հայկական որբանոց ճամբարի խնդիրը բարձրացվում է Եվրոպայում


Հայկական որբանոց Թուրքիայում, 1916թ․

Հայկական որբանոց Թուրքիայում, 1916թ․

Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերակցությունը Ստամբուլի հայկական որբանոց ճամբարի խնդիրը բարձրացնում է եվրոպական կառույցներում՝ Եվրախորհրդարանում և Եվրոպայի խորհրդում:

«Քամփ Արմեն» որբանոցը անցած մայիսին սկսել էին քանդել, բայց ակտիվիստները տեղում բողոքի ակցիաներ անցկացրեցին, որոնց արդյունքում շենքը քանդելու աշխատանքները դադարեցվեցին:

Թուրքիայի իրավապաշտպանները հայկական որբանոցի հարցը հիմա մտցնում են եվրոպական օրակարգ: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ երեկ Մարդու իրավունքների ընկերակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսում կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ փաստաբան Էրեն Քեսքինը ասել է, որ նամակներ են հղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին և Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Քաթի Փերիին՝ նրանց ուշադրությունը բևեռելով «Քամփ Արմեն» ճամբարի խնդրի վրա:

«Նամակում մենք գրել ենք, որ «Քամփ Արմեն»-ի սեփականության վկայագիրը հայկական համայնքին չի վերադարձվել, և դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Մենք նաև նշել ենք, որ Թուրքիան չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին, ինչին խոստացել էր ձգտել», - հայտարարել է նա:

«Քամփ Արմեն»-ի շենքը սկսել էին քանդել մայիսի 6-ին: Լուրը տարածվեց սոցցանցերով, և նույն օրը հայ համայնքի ակտիվիստները տեղ հասնելով կարողացան դադարեցնել քանդման աշխատանքները: Այս որբանոց ճամբարը հայերի համար պատմական նշանակություն ունի, այստեղ հազարավոր հայեր են մեծացել, այդ թվում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքը: Ակտիվիստները 20 օր շարունակեցին բողոքի ակցիան, իսկ մայիսի վերջին հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը մինչև շենքը որպես սեփականության հայ համայնքին վերադարձնելը:

Երեկվա ասուլիսում Էրեն Քեսքինը ասել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի դրույթները, նշելով, որ միջազգային համաձայնագիրը իրավական ավելի մեծ ուժ ունի, քան ազգային օրենսդրությունը: Թուրքիան խախտել է նաև Լոզանի պայմանագիրը, որը պաշտպանում է ազգային փոքրամասնությունների իրավունքները երկրում, նշել է Մարդու իրավունքների ընկերակցության ներկայացուցիչը:

Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հոգևորական Գրիգոր Աղաբալօղլուն Hurriyet Daily News-ին ասել է, որ սեփականության վկայագիրը ստանալուն պես պլանավորում են վերականգնել շինությունը:

«Հիմա որբանոց ճամբարը հնարավոր չէ օգտագործել: Մենք պլանավորում ենք քանդել այն ու վերակառուցել նույն ձևով: Վերաբացվելուց հետո այն միայն հայ երեխաների չի հյուրընկալի՝ դռները բաց կինեն բոլոր ազգությունների երեխաների համար», - ասել նա:

Տարածքի ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը մայիսի 24-ին խոստացել էր «Քամփ Արմեն»-ը նվիրաբերել Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցուն և դպրոցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG