Մատչելիության հղումներ

Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում միջազգային հանդպման ժամանակ, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում միջազգային հանդպման ժամանակ, արխիվ

Հայաստանը Եվրոպական միության հետ ունի համապարփակ գործընկերություն և կարևորում է քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրի ու տնտեսական համագործակցության խորացումը: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում:

«Ներկայումս մենք Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատում ենք մի շարք բնագավառներում արդյունավետ ոլորտային համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ կրթություն, գիտություն, հետազոտություն և նորարարություն, ինչպես նաև՝ մարդկային շփումների խթանում և առևտրի դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Մենք ակնկալում ենք համաձայնագրեր ստորագրել ԵՄ այնպիսի նախաձեռնություններին մասնակցելու համար, ինչպիսիք են՝ «Հորիզոն 2020»-ը, ինչպես նաև՝ «Ձեռնարկությունների և Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության» ծրագիրը (COSME)», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով․ - «Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը»:

«Մեր ապագա պայմանագրային հարաբերությունները սահմանելու նպատակով՝ մեր ԵՄ գործընկերների հետ մենք աշխատել ենք մեր նախկին բանակցությունների բովանդակությունը արտացոլող նոր իրավական հիմքի շրջանակը ձևավորելու ուղղությամբ՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում: Մարտի կեսերին ՀՀ և ԵՄ բանակցային թիմերն ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները շուտով կհաստատեն մանդատը, որպեզի մենք կարողանանք սահուն կերպով սկսել բանակցությունները», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

«ԵՄ - Հայաստան ինստիտուցիոնալ ձևաչափերի կանոնավոր հանդիպումներին զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության բազմակողմ հարթակներում և տասից ավելի աշխատանքային խմբերում։ Մենք այն դիտարկում ենք լավագույն փորձը կիսելու և լայն համագործակցությանը նպաստելու կարևոր ու օգտակար հարթակ և ողջունում բոլոր նախաձեռնությունները, որոնք ամրապնդում են ընդգրկուն համագործակցությունն ու ուղղված են բազմաթիվ շահագրգիռ կողմերի ներգրավվածության շնորհիվ տարբեր մասնակիցների միջև իրական գործընկերություն կառուցելուն», - նշել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ մուտքի արտոնագրերի ազատականացումը ընդհանուր նպատակ է և պետք է ըստ պատշաճի ընդգծված լինի նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ:

«Մենք ամուր հիմք ունենք մեր համագործակցության հաջորդ փուլի՝ շարժունակության և մարդկային շփումների խթանման մեկնարկը տալու համար: «Շարժունակության գործընկերությունը» 2011 թվականից ընթացքի մեջ է, և դրա հովանու ներքո մի շարք ծրագրեր են իրականացվել։ Հայաստան - ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարից` Հայաստանի քաղաքացիների համար ապահովելով մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված և հետընդունման կանոնակարգված գործընթացներ: 2013 թվականի հունվարից սկսած՝ Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։ Այս ապրիլին Բրյուսելում հաջողությամբ անցկացվեցին Հայաստան - ԵՄ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով․ - «Մենք ակնկալում ենք, որ մուտքի արտոնագրերի ազատականացման համար երկխոսությունը հնարավորինս շուտ կսկսվի, որն, անկասկած, դրական ազդեցություն կունենա շատ հարակից ոլորտներում ազգային բարեփոխումները խթանելու գործում: Հետևաբար, մենք հուսով ենք, որ Հանձնաժողովը և անդամ երկրներն անվերապահորեն կսատարեն Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի վերաբերյալ երխոսության մեկնարկը»:

Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ «Մենք սատարում ենք այն տեսակետը, որ հնարավոր է առավել հեռատես մոտեցման շնորհիվ լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները: Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության պահից, նույնիսկ դրանից առաջ, մենք կողմնակից ենք եղել պրագմատիկ և ռացիոնալ գործելաոճի, որը թույլ է տալիս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի կողմից տրամադրվող հնարավորություններից՝ խուսափելով առավել լայն հարևանության տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից, միևնույն ժամանակ, ավելի սերտ փոխգործակցություն ունենալ Եվրոպական միության հետ», - հայտարարել է նա:

«Մենք բարձր ենք գնահատում Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրին ԵՄ կողմից տարիներ ի վեր ցուցաբերած շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման արդյունավետության և շարունակականության համար: Մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում՝ ժողովրդավարությունն ամրապնդելու, հիմնարար ազատությունները և մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ», - ասել է Նալբանդյանը և շարունակել․ - «Այս համատեքստում ես կցանկանայի անդրադառնալ Քաղաքացիական հասարակություն ֆորումի ներկայացուցչի կողմից Երևանում ցույցերի վերաբերյալ արված նկատառումներին: Ինչպես ես վերջերս նշել եմ, մեր գործընկերների կողմից արված մտահոգության արտահայտությունները Հայաստանի իշխանությունները դիտարկում են որպես մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն։ Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ թերությունների շտկման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը մեր հավատարմությունը»։

«Ես կցանկանայի անդրադառնալ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայմանը: Մենք կարծում ենք, որ այն պետք է արտացոլի ժողովրդավարության, օրենքի գերակայության և արդյունավետ կառավարման ընդհանուր արժեքներին հավատարմության կարևորությունը: Մենք նաև կարծում ենք, որ նոր քաղաքականության շրջանակներում ձեռքբերումների վրա հիմնված տարբերակման և «ավելին ավելիի դիմաց» սկզբունքները պետք է ամրապնդվեն և համապատասխանաբար շարունակվեն իրականացվել՝ արտացոլելու գործընկեր պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը` անկախ նրանց տարբեր ձգտումներից կամ պայմանագրային հարաբերություններից», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Արձագանքելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի նկատառումներին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունենալ Հայաստանի համար, և մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կշարունակենք մեր ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով: Չնայած համանախագահ երեք երկրների գործադրած ակտիվ ջանքերին՝ վերջին յոթ տարում տեղի ունեցած մոտ 20 գագաթաժողովներին, նախարարների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումներին, երեք համանախագահների՝ տարածաշրջան կատարած բազմաթիվ այցելություններին, անհնար է եղել հակամարտության կարգավորման գործում առաջընթաց գրանցել, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկները: Մենք գնահատում ենք, որ Եվրոպական միությունը տարբեր առիթներով իր միանշանակ աջակցությունն է արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին»:

«Ռիգայի գագաթաժողովում ԵՄ բոլոր անդամ երկրները և Արևելյան գործընկերության հինգ երկրները, հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը նվիրված 2009 թվականից ընդունած հինգ հայտարարություններին՝ իրենց աջակցությունը հայտնեցին եռանախագահների ջանքերին, ինչն արտացոլվեց Գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում։ Ադրբեջանը հանդիսացավ միակ երկիրը, որը հակադրվեց դրան։ Լավ կլիներ, որ Ադրբեջանը այդ հարցով կիսեր Ռիգայի գագաթաժողովի մասնակից բոլոր երկրների կարծիքը», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG