Մատչելիության հղումներ

Լրանում է Հունաստանի պարտքի մարման վերջնաժամկետը


Հունաստան - Մայրաքաղաք Աթենքի բնակիչները բանկոմատից հանում են իրենց գումարները, 30-ը հունիսի, 2015թ․
Հունաստան - Մայրաքաղաք Աթենքի բնակիչները բանկոմատից հանում են իրենց գումարները, 30-ը հունիսի, 2015թ․

Այսօր լրանում է Հունաստանի պարտքի մարման վերջնաժամկետը: Հունաստանը Արժույթի միջազգային հիմնադրամին պետք է վճարի 1 միլիարդ 700 միլիոն եվրո: Եթե այդ վճարումը չկատարվի, հնարավոր է՝ դեֆոլտի մեջ ընկնելու և եվրոյի գոտուց դուրս գալու հարցեր առաջանան:

Միլիարդների պարտքերի մեջ ընկած երկիրը նախօրեին 50 հազար եվրո է փոխանցել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամին: Ըստ փորձագետների, կատարելով այս հերթական վճարումը՝ Հունաստանը ցույց է տալիս, որ երկիրը վճարունակ է, դեֆոլտի մեջ չի ընկել, բայց սա ընդամենը մի կաթիլ է միլիարդավոր եվրոների պարտքերի մեջ ընկած երկրի համար:

Ի պատասխան միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ պարտքի հերթական մասը փակելու պահանջների, հունական կողմից սկսեցին եվրոյի գոտուց դուրս գալու սպառնալիքներ հնչել: Սա մեծ հարված կլինի ոչ միայն եվրոյի գոտու երկրներին, այլև Եվրամիությանը:

Բրյուսելում Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ մի քանի օր բանակցելուց հետո վերադառնալով Աթենք՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հունիսի 26-ին հայտարարեց, թե իր երկրում հուլիսի 5-ին հանրաքվե կանցկացվի վարկատուների պահանջները ընդունելու հարցով:

Այս հայտարարությունից հետո Հունաստանի քաղաքացիները շտապեցին բանկերից և բանկոմատներից հանել իրենց գումարները՝ վախենալով հետագա զարգացումներից, իսկ վարչապետը կարգադրեց մոտավորապես մեկ շաբաթով չբացել բանկերը և բորսային շուկան: Նա ասել է, որ վարկատուներին ևս մեկի անգամ կխնդրի երկարաձգել պարտքի մարման ժամկետը:

Հուլիսի 5-ի հանրաքվեում Հունաստանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկում է պատասխանել հետևյալ հարցին՝ ֆինանսական օգնությունը ևս հինգ տարով շարունակելու դիմաց ընդունե՞լ վարկատուների պայմանները, թե՞՝ ոչ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասել է, որ դեֆոլտի և եվոյի գոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորության վերաբերյալ որևէ նոր առաջարկ չունի, որ կարելի է ներկայացնել բանակցություններում:

Երեկ Բրյուսելում խոսելով լրագրողների հետ՝ Եվրահանձնաժողովի նախագահը Հունաստանի ժողովրդին կոչ է արել «այո» ասել հանրաքվեում, նշելով, որ «ոչ»-ը կնշանակի Եվրոպայի մերժում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG