Մատչելիության հղումներ

Վարչապետը կարևորում է հանրային վստահությունը և երկխոսությունը


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

«Ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, խիստ կարևոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը: Եվ ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է: Առճակատումներով և առավելագույն պահանջներով, որքանով էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի», - այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ելույթ ունենալով «Տնտեսական օրակարգ - 2015» համաժողովում՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տնտեսության արդիականացման հրամայականն ունի ժողովրդի բոլոր կարող ուժերին իր շուրջը միավորելու ներուժ:

«Մեր խնդիրն է փոխադարձ վստահության ձևավորման ճանապարհով այդ ներուժը դարձնել անպարտելի ուժ` բարեկեցիկ և կայուն զարգացող երկիր կառուցելու անխախտ պատրաստակամությամբ», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Աբրահամյանը և շարունակել․ - «Այժմ մենք հենց այդ ուղին ենք բռնել այս պահին հասարակությանն ամենաշատ հուզող էլեկտրաէներգիայի ոլորտում: Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, և այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, և նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետևանքների»:

«Կարծում եմ՝ գիտեք արդեն, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015 թվականի օգոստոսի 1-ից սահմանվել են սպառողների վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որը, բնականաբար, չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել մեր հասարակության մի հատվածի մոտ: Սա մեր կարևորագույն խնդիրներից է, և մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար: Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ: Սակայն մենք հակված չենք հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել», - հայտարարել է վարչապետը:

«Մենք մեր գործընկերների՝ Համաշխարհային բանկի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ պատրաստել ենք 2016-2036 թվականների էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդնենք լայն մասնագիտական և հանրային քննարկման: Վստահ եմ, որ հանրության լայն ընդգրկումն այս քննարկումներին հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը դեպի կայուն և վստահելի էներգետիկ համակարգ ունենալուն մեր քաղաքականությանը», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Համաժողովի մասին ռեպորտաժը՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG