Մատչելիության հղումներ

Արսինե Խանջյան. Երիտասարդությունը պետք է բարձրաձայնի իր պահանջները, եթե նույնիսկ հարցը բարդանա


Նրա խոսքով, հոսանքի սակագնի հարցով ժողովրդի պահանջներն արդար են։

«Ես կարծում եմ, եթե կառավարությունն իսկապես արդար և մաքուր ձևով կուզի վարվել ժողովրդի հետ, պետք է հստակ գնա բանակցությունների ճանապարհով», - «Ազատության» հետ զրույցում ասաց կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով ևս այս պահին գտնվում է Բաղրամյան պողոտայում։

Նրա խոսքով, հոսանքի սակագնի հարցով ժողովրդի պահանջներն արդար են։ «Այստեղ գտնվողներն այն մարդիկ են, ովքեր հավատում են, որ իրենց պահանջը կարող են հասցնել պետությանն ու կառավարությանը։ Սա շատ տարիների հավաքված ճնշումի ազդեցությունն է, հստակ է, որ չգիտենք, թե Հայաստանն ինչ ուղղություն պետք է ստանա, եթե կառավարությունը մնա մենակյաց և անարդար իր ժողովրդի և երիտասարդության հետ։ Անարդար կասեմ, որովհետև արդարության պակաս կա. երբ որ պարտականություն ունի կառավարությունը կամ պետությունը վարելու, պետք է նաև շատ հստակ մաքուր հարաբերություն ստեղծի ժողովրդի նկատմամբ», - ասաց Արսինե Խանջյանը՝ նշելով, որ երկար ժամանակ է հստակ փոխըմբռնում ժողովրդի և կառավարության պահանջների միջև գոյություն չունի։

Նրա խոսքով, երիտասարդությունը պետք է բարձրաձայնի իր պահանջները, եթե նույնիսկ, ինչպես ինքն ասաց, հարցը բարդանա։ «Հարկավ ավելի լավ է որևէ փոփոխություն հանդարտ ձևով պատահի, բայց պատմության մեջ չենք տեսած, որ հանդարտ ձևով ընթանա», - ասաց դերասանուհին։

Անդրադառնալով հունիսի 23-ին ոստիկանության՝ ցուցարարների նկատմամբ կիրառած ուժին, Արսինե Խանջյանն ասաց. - «Ինչպե՞ս կարող են այսպիսի ուժ կիրառել այս երկրի մեջ, սա Մայդան չէ, հայ ժողովրդի մասին է, որ կխոսենք, հայերի կյանքերի մասին է, որ կխոսինք, չեմ կարող հասկանալ՝ ի՞նչն է պետության դժվարությունը, որ չի կարողանում մաքուր ձևով ներկայանալ։ Գուցե՞ գործեր կտարվեն պետության կողմից, որ ի շահ չեն ժողովրդին, դրա համար չեն ուզում բանակցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG