Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե կառավարությունը իր վրա է վերցնելու հոսանքի թանկացման բեռը, նկատում է՝ բյուջեի կամ պետական վարկերի միջոցներից 6.93 դրամի փոխհատուցումը միևնույն է կատարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին։

«Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը քաղաքացիներին հայտնում է, որ նրանք կշարունակեն վճարել այդ գումարը, միայն թե ոչ ուղիղ, այլ` պետությանը մուծած հարկերի և տուրքերի տեսքով: Այսինքն, ժողովրդի մի գրպանի փոխարեն ծախսը կկատարվի մյուս գրպանից»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում։

Անդրադառնալով նախագահի խոստացած աուդիտին «Հայկական էլեկտրական ցանցերում»՝ ընդդիմադիր ուժն ասում է, որ 2014 թվականի աուդիտի արդյունքում հեղինակավոր «Էռնստ էնդ Յանգ» (Ernst&Young) կազմակերպությունը ՀԷՑ-ը գնահատել է որպես վատ կառավարվող և ոչ վարկունակ ընկերություն.- «Հետևաբար, արդեն ակնհայտ է, որ սակագնի բարձրացումը պայմանավորված է վատ մենեջմենթով և վատնումներով և այժմ խոսք կարող էր լինել միայն այսպես կոչված խարդախությունների հայտնաբերման աուդիտի (fraud audit) մասին, սակայն Սարգսյանը խնամքով շրջանցում է սույն խնդիրը: Ավելին, Սարգսյանը ըստ էության կանխորոշում է աուդիտի արդյունքը` նշելով, որ սակագնի բարձրացումը արդարացված է»։

ՀԱԿ-ը նաև «էժանագին շանտաժ» է որակում Սերժ Սարգսյանի շեշտումը, որ փոխհատուցումն արվելու է ի հաշիվ անվտանգության ամրապնդման համար նախատեսվող միջոցների, որի «նպատակն է նման կասկածելի լուծման պատասխանատվությունը դնել ցուցարարների վրա»։

ՀԱԿ-ը նաև կարծում է, որ Սարգսյանը «բառախաղերի միջոցով փորձում է քողարկել վարչախմբի իրական մտադրությունը. այն է` առայժմ ժամանակ շահել և հասնել բողոքի ալիքի մարմանը, իսկ այնուհետև սակագնի չհիմնավորվածությունն ապացուցող աուդիտի եզրակացության դեպքում անգամ չեղյալ չհայտարարել սակագնի բարձրացումը»։

«Հետևաբար, իր առաջարկած «լուծումներ»-ով Սերժ Սարգսյանը փորձում է մոլորեցնել հասարակությանը, քողարկել ՀԷՑ-ում առկա կոռուպցիոն դրսևորումները, դրանցում երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությունն ու հովանավորությունը։ Ուստի ՀԱԿ-ը կրկին իր համերաշխությունն է հայտնում խնդրին ամբողջական և հանրությանը բավարարող լուծում տալու պահանջով խաղաղ բողոքի ցույցերի դուրս եկած քաղաքացիներին»,- ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG