Մատչելիության հղումներ

Արթուր Քոչարյան. «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ


Արթուր Քոչարյան

Արթուր Քոչարյան

«Կլինեն հանրային քննարկումներ և կձևավորվեն իրավաբանական, ինչպես նաև տնտեսագիտական խմբեր։ Միաժամանակ շարունակվելու է փողոցային պայքարը»,- ասաց նախաձեռնության անդամը։

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ, քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը։

«Մենք շարունակում ենք պայքարը շատ ավելի լայն ֆորմատով. կլինեն հանրային քննարկումներ և կձևավորվեն իրավաբանական, ինչպես նաև տնտեսագիտական խմբեր։ Միաժամանակ շարունակվելու է փողոցային պայքարը։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեզ չի բավարարում, ուստի մենք հետևողական ենք լինելու մեր պահանջների լիարժեք կատարմանը», - հայտարարեց ակտիվիստը։

Նա նշեց, որ պահանջները չեն փոխվել. վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի հունիսի 17-ի որոշումը, նվազեցման նպատակով վերանայել անցած տարվա ընդունած սակագինը և պահանջել պատժել բոլոր այն ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ։

Համակարգող խմբի անդամները կոչ արեցին ժողովրդին, առաջարկներով միանալ իրենց։ Նրանք նաև հայտարարեցին, որ պայքարից չեն հրաժարվում և որպես անհատներ, շարքային քաղաքացիներ կգնան և կլինեն Բաղրամյանում, բայց իրենք ցույցը չեն ղեկավարի։

Ազատության հրապարակն այս պահին մարդաշատ է։ Ցուցարարների թիվը գնալով մեծանում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG