Մատչելիության հղումներ

Արտերկրյա լրատվամիջոցներն անդրադառնում են Հայաստանում շարունակվող ցույցերին


Օտարերկրյա լրատվամիջոցները քննարկում են Երևանում բողոքի ակցիաների շարունակության պատճառներն ու հնարավոր ելքերը:

ABC News-ը հրապարակել է Associated Press գործակալության հաղորդագրությունը: Երևանում շարունակվող ակցիաների ընթացքը գնահատելով՝ Associated Press-ը գրում է, թե ընդվզումն ամենալուրջն է խորհրդային նախկին՝ չքավոր երկրների վերջին տարիների ակցիաների շարքում: Գործակալության գնահատմամբ՝ ակցիայի մասնակիցներն այդպիսով ձեռնոց են նետում Սերժ Սարգսյանին և պատճառում մեծ անհանգստություն Մոսկվային:

Ռուսական Առաջին ալիքի մեկնաբանը փոխանցում է ցուցարարների պնդումները. - «Մենք ուզում ենք միայն էլեկտրաէներգիայի սակագների իջեցում»: Հակառուսական տրամադրություններ պարունակող հայտարարությունների ապարդյուն փնտրտուքից հետո ռուսական ալիքի թղթակիցը ներկայացնում է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ հարցազրույցից մի հատված, ըստ որի՝ «լինում է պահ, երբ այլևս հնարավոր չէ կասեցնել իրադարձությունների զարգացումը, որը հանգեցնում է պայթյունի՝ հեղափոխական ընդվզման»։

Ապա ռուսական ալիքի լրագրողը չի թաքցնում զարմանքը՝ Երևանում «Բաց հասարակության ինստիտուտի» գրասենյակը հայտնաբերելով: Ռուսաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքից հետո այդ երկրում առկա մթնոլորտի ֆոնին թղթակիցը փորձում է գտնել, իր բառով՝ «ամերիկյան խորհրդանիշ» գրասենյակի դռան վրա, բայց չի գտնում: Մտնում է գրասենյակ և ուսումնասիրում գրասենյակի գրքերը՝ զարմանալով կոմունիզմի փլուզման մասին գրքի առկայությունից:

Socialistworker.org կայքը բնորոշում է.- «Երիտասարդների բողոքը ցնցում է Հայաստանը»: Երևանում իրադարձություններին հետևող այս կայքի թղթակիցը գրում է.- «Դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա Հայաստանում՝ հաջորդաբար: Մի երկրում, որտեղ բնակչության 30 տոկոսն ապրում է աղքատության մեջ, ավելի քան 17 տոկոս գործազրկության պայմաններում, դժվար է պատկերացնել, որ այս մեծացող շարժումը կդադարի շուտով»։

Կայքի մեկնաբանը նկատում է, որ եթե «Ինտեր ՌԱՕ»-I 225 միլիոն դոլարի հետ կապված աուդիտը լինի թափանցիկ և հաստատվեն սխալները, Սարգսյանի համար կապահովվի հեշտ ելքը: «Եթե ոչ, ցուցարարները, կարծես թե ավելի կակտիվանան»։

Ադրբեջանական «Թրենդ»-ի մեկնաբանը գրում է.- «Հայաստանի կառավարությունն արեց նույն սխալը, որն արել էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նա փորձեց ուժով դադարեցնել սոցիալական բողոքը, որն էլ բողոքի ակցիային հաղորդեց քաղաքական բնույթ»: «Թրենդ»-ը քննարկում է ուժի կիրառման հնարավոր շարունակության հարցը և գրում.- «Ցուցարարներին դաժան պատասխանը կարող է միայն գրգռել դիմակայությունը իշխանությունների հանդեպ, և ուստի, Երևանի համար իրավիճակից դուրս գալու միակ ելքը Ռուսաստանի հետ համաձայնությունն է սակագինը բարձրացնելու որոշումը չեղարկելու և գների թանկացման մասին մոռանալու հարցում: Սա միակ ճանապարհն է, որի միջոցով է հնարավոր խուսափել մեծ արյունահեղությամբ հանգուցալուծումից, որը տեղի ունեցավ Ուկրաինայում»:

Թուրքական Hyuriet Daily News-ը մեջբերում է France Press գործակալության հետ զրույցում 21-ամյա քաղաքացու հավաստիացումը.- «Մենք կմնանք, մինչև հաղթենք: Մենք չենք հավատում նախագահի բլեֆին»:

Ռուսական Взгляд թերթն անդրադարձել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանի պաշտոնազրկմանը: Թերթը հիշեցնում է, որ Հարությունյանն այդ պաշտոնը ստանձնել էր ամիսներ առաջ և գրում է.- «Չի բացառվում, որ Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնանկությունը կապված է բողոքի ակցիաների հետ»։

Vestnik kavkaza կայքը փոխանցում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականը՝ աուդիտ անցկացնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ.- «Այն, ինչ հիմա ասում են աուդիտի մասին, որ պարզեն, թե ինչպես է աշխատել ընկերությունը և որոնք են պատճառները, որ բարձրացնում են գները, փորձ է դուրս գալ ճգնաժամից , որի մեջ հայտնվել է Հայաստանը: Նկատի ունեմ այն հանրահավաքները, որոնք տեղի են ունենում»։ ​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG