Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը բոլոր կողմերին հանդուրժողականության և օրինապահության կոչ է անում


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

«Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը` մենք հույս ենք հայտնում, որ խնդիրները կկարգավորվեն փոխըմբռնման մթնոլորտում և իրավունքի շրջանակներում», - հայտարարել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։

Նա հակադիր բոլոր կողմերին հանդուրժողականության և օրինապահության կոչ է արել, ինչպես նաև ներկայացրել տվյալ իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության ամփոփ հիշեցումը:

«Հայտնի է որ հավաքների ազատության իրավունքը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկն է: Խաղաղ` առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ, որի ապահովմանն է ուղղված «Հավաքների ազատության մասին» Հայաստանի օրենքը: Օրենքն իր հերթին լայն պաշտպանություն է նախատեսում խաղաղ բնույթ ունեցող հավաքների համար՝ ամրագրելով, որ իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ անցկացվող հավաքն անգամ ենթակա է պաշտպանության եթե ունի խաղաղ բնույթ», - ասել է օմբուդսմենը:

Անդրեասյանը կոչ է արել Ոստիկանությանը ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն, հավաքի առնչությամբ յուրաքանչյուր գործողություն հիմնավորել հետևողական և իրավաչափ փաստարկներով՝ միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ ապահովելով միատեսակ մոտեցում, հայեցողական լիազորություն իրականացնելիս առաջին հերթին առաջնորդվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ:

Օմբուդսմենը նաև հիշեցրել է, որ հունիսի 23-ի միջադեպի կապակցությամբ իրենք վարույթ ենք հարուցել: «Մեր հրատապ գրությանն ի պատասխան՝ Ոստիկանությունից խնդրել են հարցադրումներին պատասխանել մինչև հուլիսի 5-ը՝ պայմանավորված հանգամանքների լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ: Հունիսի 23-ի դեպքերի վերաբերյալ մեր որոշումը կկայացվի Ոստիկանության պաշտոնական պատասխանից հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետում», - իր հայտարարությունում ասել է Կարեն Անդրեասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG