Մատչելիության հղումներ

logo-print

Էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր երեկոյան Ազատության հրապարակում հանդես կգա հետագա քայլերի վերաբեյալ հայտարարությամբ:

«Ազատության» հետ զրույցում նախաձեռնության համակարգող խմբի անդամներ Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը ասացին, որ իրենք չեն պառակտվել, ճնշումների չեն ենթարկվել: Նրանք ընդգծեցին, որ պայքարը շարունակում թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Ազատության հրապարակում՝ միաժամանակ պնդելով, որ Բաղրամյան պողոտայի պայքարը իրենք չեն համակարգում:

««Ոչ թալանին» նախաձեռնությունը Բաղրամյան փողոցում որպես համակարգող այլևս իրեն չի տեսնում, որովհետև վերջին օրերին ընթացքում կոնկրետ աշխատանքներ էր տարվում խմբի նկատմամբ: Մենք լինելու ենք այնտեղ որպես շարքային, հասարական քաղաքացիներ», - նշեց Վաղինակ Շուշանյանը՝ նաև հավաստիացնելով, որ ճնշումներ իրենց նկատմամբ չեն եղել:

Հարցին, թե ինչն էր պատճառը, որ երեկ Բաղրամյան պողոտայում հավաքված հազարավոր ցուցարարներին կոչ արեցին գնալ Ազատության հրապարակ, Շուշանյանն արձագանքեց, թե իրենք բախումներ չեն ուզում, բայցև պնդում ենք, որ իրենց պահանջը չի բավարարվել, նախագահը որևէ զիջման չի գնացել:

«Այդտեղ որևէ քայլ առաջ չկար, որովհետև այդ նույն բյուջեն մեր գրպանից է գոյանում», - ասաց Մաքսիմ Սարգսյանը: Իսկ Վաղինակ Շուշանյանը հավելեց․ - «Մեծ հաշվով պատասխան չի տրվել մեր պահանջին: Սա ուղղակի իրենց կողմից մի փոքր քայլ հետ էր»:

Անդրադառնալով Ազատության հրապարակում ցույցը շարունակելու հորդորներին՝ Շուշանյանն ասաց․ - «Մտավախություն ունեի, որ ոստիկանական զորքերը միգուցե սկսեն գործողություն իրականացնել»:

«Միակ պատճառը Ազատության հրապարակ իջնելու եղել է նա, որ մեր քաղաքացիների կողքին լինենք, որ այստեղ չհրահրեն, այստեղ չսադրեն», - հավելեց Մաքսիմ Սարգսյանը:

«Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամներն նշեցին, որ երեկ երոկոյան իրենց անունից քաղաքական գործիչների հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել, որոնք իրենց հետ կապ չունեն: Հետագա շահարկումներից խուսափելու համար որոշել են այսուհետ իրենց հետագա քայլերի մասին հայտարարել համակարգող խմբի բոլոր անդամներով:

Համակարգող խմբի անդամներից Սոֆյա Հովսեփյանն ասաց․ - «Ամսի 23-ին երեխաների ձերբակալումից հետո ինքնաբուխ շարժումը սկսվեց: Գալ և համակարգել այս ամեն ինչը, այո, մենք պատրաստ էինք, որովհետև ունենք մենք նպատակ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը: Սակայն հետագայում վերցնել նմանատիպ գերպատասխանատվություն մեզ վրա, երբ որ ժողովրդական հավաք է սա․․․ համակարգել մի բան է, որ չլինի ինչ-որ բաներ, և վերացնել պատասխանատվություն՝ սրանք լրիվ այլ են: Այսօր մենք արդեն մեր շարունակական քայլերը տեսնում ենք այլ հարթակում: Լճանալ Բաղրամյան պողոտայում և ոչինչ չանելը ես չեմ գտնում առաջընթաց»:

XS
SM
MD
LG