Մատչելիության հղումներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք մարզերում սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ օրենքով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Գյուղնախարարարությունը տեղեկացնում է նաև, որ արգելվում է անտառային տարածքներում կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորել, ինչպես նաև ծխել լցավորվող մեքենաների մոտ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար»,- հայտարարում է նախարարությունը՝ հորդորելով անտառային հրդեհների ծագման դեպքում անմիջապես զանգահարել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 911 հեռախոսահամարով կամ «Հայանտառ» ՊՈԱԿ հետևյալ հեռախոսահամարներով` ժամը 9․00-18․00 ` 65-01-24, 65-47-28 , իսկ 18:00- 9․00` 077 999991, 093 401112 և 093 715858:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG