Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանապետ․ «Կիվիրյաններ են շահում, սեֆիլյաններ են շահում»


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր բացեց փակագծերը, թե ում է ակնարկում ոստիկանությունը, երբ հիշատակում են, թե ինչ-ինչ քաղաքական ուժեր, կազմակերպություններ և անհատներ փորձում են սեփական նկատառումներով օգտագործել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ալիքը:

«Ես, հավատալով ոստիկանության զորքերը հետ եմ քաշել: Ոստիկանությունը կոնկրետ գործողություններով ցույց է տալիս իր հանդուրժողականությունը, իր վստահությունն է տալիս: Իմ կարծիքով՝ դա պետք է ընկալելի լինի», - այս գիշեր Երևանի Ազատության հրապարակում վստահեցրեց ոստիկանապետը՝ շարունակելով, սակայն, թե «սա անընդհատ չի կարող տևել»:

«Այն, ինչ դուք սկսեցիք, սրտով էր յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում նաև ոստիկանության, որովհետև դա կպնում էր բոլորիս: Նույնիսկ՝ ինչ-որ տեղ, դա մեզ ավելի շատ էր պետք: Դուք ձեր արդար գործով՝ սոցիալական խնդրով, շատ բարի ու լավ գործ արեցիք և այս բարի ու լավ գործը պետք էր բոլորիս, այդ թվում նաև մեր պետությանը, բայց միշտ ու ամեն տեղ հայտնվում են մարդիկ, որոնք ուզում են փառքի գնալ, օգտվել դրանից, իրենց համար շահեկան իրավիճակ ստեղծել իրենց համար: Ռադիկալ տեսակը փակ է, չի ընդունում ոչինչ, երկխոսություն, ժխտող է, նա չի կարող արդյունավետ բան անել», - շարունակեց Վլադիմիր Գասպարյանը:

«Ազատության» հարցին՝ ոստիկանության ներկայացուցիչները շարունակ ինչ-որ քաղաքական ուժերի ու կազմակերպությունների մասին են ակնարկում, ո՞ւմ մասին է խոսքը, Հայաստանի ոստիկանապետը պատասխանեց․ - «Կիվիրյաններ են շահում, սեֆիլյաններ են շահում․․․ Հալա մի հատ թողեք՝ տեսեք իրենց ընտանիքի անդամները կհավաքվե՞ն իրենց կողքը: Տեսնում են մարդիկ հավաքված՝ լույսով մարդիկ, խառնեցին, խառնեցին․․․»:

Ոստիկանապետը, ով Ազատության հրապարակ էր եկել մի խումբ բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ, զրուցեց հրապարակում ներկա մարդկանց խմբի հետ։ Ցուցարարներն առաջին հերթին ցանկանում էին իմանալ, թե ինչ է տեղի ունենալու այսօր Բաղրամյան պողոտայում, հարցնում էին՝ կարելի՞ է վստահ լինել, որ այնտեղ հավաքվածներին ոչինչ չի պատահելու, նշում էին, որ այնտեղ կան երեխաներ և կանայք։

«Ձեզ անկեղծ եմ ասում, թող տարօրինակ չհնչի, որ ոստիկանապետը նման ինչ-որ բաներ է ասում՝ ինչ-որ բան կորել է այնտեղ: Լույսը չկա այնտեղ, լույսը այստեղ է եկել», - պատասխանեց նա՝ հորդորելով ցուցարարներին իրենց ընկերներին հրավիրել Ազատության հրապարակ՝ կառուցողական պայքարը այստեղ շարունակելու համար։

Վլադիմիր Գասպարյանը կրկին հայտարարեց, որ ոստիկանությունը վերականգնելու է հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում․ - «Հանդուրժողականությունը սահման ունի, հանդուրժում են այնքան ժամանակ, որպեսզի բերեն դիալոգի, մարդավարի լուծվի, ո՛չ զոռբայությամբ, ո՛չ էլ ուժով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG