Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ․ Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները ենթակա են առգրավման


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը», որի շրջանակներում հունիսի 28-ին քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող և տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները:

Այս մասին քիչ առաջ հայտարարեց ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ով նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այժմ քննիչի կողմից, ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ, իրականացվելու է առգրավման քննչական գործողությունը:

«Ցանկացած խոչընդոտմանն ուղղված գործողություն կարժանանա իրավական գնահատականի», - հավելեց Արսեն Այվազյանը:

Նա հավելեց, որ այս պահին գործով կասկածյալ կամ մեղադրյալ չկա, օրենքով սահմանված կարգով առգրավման որոշումը ենթակա է ծանոթացման այն անձին, ում մոտից պետք է կատարվի առգրավումը:

«Եթե կա անձ, ով տվյալ պահին համարում է, որ այս աղբամանները պատկանում են իրեն կամ ինքը տիրապետող է հանդիսանում տվյալ պահին, խնդրում եմ մոտենալ, և եթե կա առարկություն՝ ներկայացնել այն», - նաև ասաց գնդապետ Այվազյանը:

Այս հայտարարությունը հարուցեց ցուցարարների դժգոհությունը, նրանք պահանջեցին իրենց ներկայացնել իրազեկման 15,000 օրինակ, որպեսզի բոլոր ցուցարարները կարողանան ծանոթանալ դրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG